Վերարժեւորելով «Բաց ձեռքերի» բարի հեղափոխությունը

Վերարժեւորելով «Բաց ձեռքերի» բարի հեղափոխությունը

2018-ի ապրիլյան` «Բաց ձեռքերի հեղափոխություն»-ը բացառիկ հնարավորություններ է ստեղծում 30 տարի շարունակ ցիկլային ճգնաժամերով ու ռեսուրսամաշ անկումներով անցած Հայաստանի ու մեր ժողովրդի համար: Ստեղծվել, կամ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ կարելի կլինի առնվազն մասամբ ազատվել վերջին 3 տասնամյակներին կուտակված աղբից, վերագնահատել ու շտկել սխալները, մաքրել ավգյան ախոռներն ու մեր երկիրը դնել զարգացման ու բարգավաճման ճանապարհին: Վերը նշվածն անկասկած ավելի դժվար է լինելու, քան մինչ ապրիլի 23-ը գոյություն ունեցած բրգաձեւ, քրեական համակարգը քանդելուն միտված ջանքերը, բացի ամեն ինչից` քանդելը միշտ հեշտ է կառուցելուց:

Բաց ձեռքերի հեղափոխության մասին առաջիկայում բազմաթիվ վերլուծություններ, հոդվածներ ու մենագրություններ կհրապարակվեն, տեղի ունեցածը կգնահատվի քաղաքագետների, մշակութաբանների, պատմաբանների եւ այլոց կողմից, գուցե կհրատարակվեն հեղափոխության ձեռնարկներ, կնկարահանվեն ֆիլմեր, երգեր կգրվեն եւ այլն: Այս հեղափոխության տասնյակ նվաճումներից մեկն էլ մեր երկրում ու մեր ժողովրդի շրջանում առանց բռնության քաղաքական սերնդափոխություն իրականացնելու իրողությունն է: Այս տեսանկյունից մեզ բախտ է վիճակվել հեղափոխություն անել/տեսնելուց զատ, ներդրում ունենալ, կամ աջակցել բարեփոխումների այն ընթացքին, որը անպայմանորեն հետեւելու է ոգեւորության, ադրենալինի ու հաղթանակի այս համըմդհանուր հոգեվիճակին:

Առաջիկա անելիքները հնարավորինս ճշգրիտ հաշվարկելու, ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսները համադրելու, հոգեւոր ու մշակութային ներդաշնակություն ապահովելու, անցյալի փորձը սթափ վերարժեւորելու եւ կիրառելու (ինստիտուցիոնալ հիշողություն), վառ երեւակայությունը խրախուսելու եւ անդադար աշխատել կարողանալու դեպքում, ստեղծված նոր կարողություններն իրացնելու անսահման հնարավորություններ ենք ունենալու: Սրան զուգահեռ սեփական «ես»-ից անդին տեսնելն ու թիմային աշխատանքը պիտի առանցքում լինեն, իսկ Բաց ձեռքերի հեղափոխության` սիրո ու հանդուրժողականության մթնոլորտը` շարունակական ուղենիշ: Հարգանքի ու դիմացինին լսելու կարողությունը մինչ այս անհավատալի թվացող փոփոխության համար հիմնարար է եղել, ուստի մեր համատեղ նպատակներին հասնելու ճանապարհին չկորցնենք հրաշք այս մթնոլորտը:

Այս պահից սկսած եւ առաջիկայում, փորձենք մեր ներսում սաստել զայրույթն ու ատելությունը, վրեժխնդրությունն ու նախանձը: Առաջ շարժվենք ըմբոստ մեր տեսակով, սակայն չափավոր զսպվածությամբ, ավագ սերնդին գնահատելով, բայց ոչ երբեք խեղճացած: Չդադարենք սովորել ամեն մեկից ու յուրաքանչյուր իրավիճակից, ներքին իմաստնություն ունենանք չմեծամտանալու, ձախողման դեպքում մեղադրենք նախ մեզ, բայց չկոտրվենք` չինքնախարազանվենք: Ընդունենք սխալներն ու դրանից ողբերգություն չդարձնենք, առաջ գնանք հպարտ, բաց ճակատով եւ վերջապես` ԴԱՆԴԱՂ ՇՏԱՊԵՆՔ:

Հայոց հանրապետության 100-ամյակը տոնել ենք սկսել ապրիլի 23-ից, թո՛ղ որ սա լինի մեր ժողովրդի ու մեր երկրի քաղաքացիների վերածննդի խորհրդանիշը:

Ալ բավ է սգանք, եկել է ապրել ու արարելու ժամանակը: