Հայաստանի ժամանակավոր կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ամեն կերպ փորձում է ներքաշել Ռուսաստանին երկրի ներքին գործերի մեջ
Հայաստանում վերջին օրերին ծավալված իրադարձությունները վկայում են այն մասին, որ ՀՀ ժամանակավոր իշխանությունները փորձ են անում ներքաշել երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեջ օտար երկրներին, ինչը չափազանց վտանգավոր գործընթաց է, որը հասու է բազմաթիվ վտանգներով Հայաստանի անկախ պետականության համար։ Կարեն Կարապետյանի գործելաոճը արդեն իսկ խիստ տարբերվում է Սերժ Սարգսյանի գործելաոճից, որը ոչ միայն խուսափեց ներքաշել օտար ուժերին երկրում տեղի ունեցող գործընթացների մեջ, այլ հասկացավ, որ բռնությամբ դիմակայելը ժողովրդի կամքին հեռանկար չունի ու ճիշտ հակառակը՝ երկիրը տանելու է անկայունության անդունդը։ Սակայն Կարեն Կարապետյանը, ինչպես երեւում է իր որդեգրած դիրքից, պատրաստ է ավելի վճռական քայլերի գնալ պահպանելու համար իր ձեռքին հայտնված իշխանության ղեկը։
Նա, ըստ երեւույթի անտեսելով ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքը, փորձում է ցանկացած գնով հակահեղափոխություն անել Հայաստանում ու դրա մեջ ներգրավել Ռուսաստանի դաշնությանը, որը գոնե մինչեւ այս պահը պահպանում է հավասարակշռված ու չեզոք քաղաքականություն։ Հայկական մամուլում հատուկ պատվերով արդեն իսկ շրջանառվում են վարկածներ, որ ներկայումս տեղի ունեցող գործընթացների հետեւում կանգնած է Ռուսաստանը, ինչը այդքան էլ չի համապատասխանում իրականության։ Նման տեղեկատվության տարածումը առաջին հերթին ձեռնտու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ով ցանկանում է երկրում ստեղծել հակառուսական տրամադրություններ ու դրանով իսկ ներգրավել Ռուսաստանին միջամտելու Հայաստանի ներքին գործերին իրեն հասած իշխանությունը պահպանելու համար։
Նման մոտեցումը խիստ վտանգում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը եւ երկրի ինքնիշխանությունը, քանզի նման սցենարի իրագործման դեպքում Հայաստանը ավելի խորը կախվածության մեջ կհայտնվի ՌԴ-ից, քան Սերժ Սարգսյանի օրոք եւ ինքնակամ կվերածվի տվյալ երկրի գաղութի։ Այդ իրավիճակում կկասեցվի Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված փաստաթղթի վավերացումը եւ Հայաստանը լուրջ նահանջ կարձանագրի ժողովրդավարության հարցում։ Նման պարագայում հարաբերությունները Վրաստանի հետ եւս կարող են վատթարանալ։
Այս իրավիճակում չափազանց կարեւոր է, որ Հայաստանում վերջին օրերին թափ առած համաժողովրդական շարժումը շարունակի պահպանել իր զգոնությունը ու չենթարկվի հակառուսական սադրանքների, հեռու պահելով ժողովրդին արտաքին խաղերից, որը այսօր պարտադրում են ՀՀ-ի ժամանակավոր իշխանությունները սեփական ժողովրդին։
Տվյալ պարագայում կարիք կա, որ շարժման ղեկավարները կարողանան բացատրել ՀՀ քաղաքացիներին, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը ցանկանում է ամեն գնով պահպանել իրեն հասած իշխանությունը, ինչը ավելի վտանգավոր նախադրյալներ է ստեղծում Հայաստանի համար, քան Սերժ Սարգսյանի անցած 10 տարիներն էին, որի ժամանակ ժողովուրդը համատարած անարդարության պատճառով հասել էր ծայրահեղ աղքատ վիճակի, բայց երկիրը ինչ որ չափով կարողացել էր վարել կիսաանկախ քաղաքականություն։
Ստեղծված իրավիճակում ելքը կայանում է նրանում, որ Հայաստանի հասարակությունը կարողանա ճիշտ գիտակցել կատարվածը եւ իր համախմբվածությամբ ավարտին հասցնել այն գործընթացը, որը սկսել է «Մերժիր Սերժին» համաժողովրդական շարժման շրջանակներում։
Էդուարդ Այվազյան