Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի շենքում քննարկվել են կրոնական փոքրամասնությունների խնդիրները

Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի շենքում քննարկվել են կրոնական փոքրամասնությունների խնդիրները

Ապրիլի 19-ին Տոլերանտության ու խաղաղության ինստիտուտը Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի շենքում անցկացրեց հանդիպում, որը վերաբերվում էր շրջանում գործող կրոնական փոքրամասնությունների խնդիրներին։ Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եւ կաթողիկե եկեղեցիների քահանաները, ինչպես նաեւ Ավետարանական ու Վրաց կաթոլիկական եկեղեցու ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա էին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրոնական փոքրամասնություններին հուզող խնդիրները։ Վրաց կաթոլիկ եկեղեցու հոգեւորական հայր Զուրայի խոսքերով՝ իրենք Վրաստանում զրկված են այն իրավունքներից, որոնք ունի Վրաց Ուղղափառ եկեղեցին։ Նա օրինակ բերեց, որ քաղաքում ունեն սեփական հողատարածք, որտեղ չեն կարողանում կառուցել իրենց եկեղեցին։ Հոգեւորականի խոսքերով՝  նրանք չեն կարող իրավունք ստանալ եկեղեցու կառուցման համար։

Տվյալ հարցի շուրջ իր տեսակետը հայտնեց Ախալցխայի քաղաքապետարանի հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար Ռեզո Անդղուլաձեն, ով նշեց, թե կաթոլիկները արդեն ունեն աղոթելու եկեղեցի, որը վերակառուցել են տարիներ առաջ։ (Խոսքը նախկին հայկական կաթոլիկական Սբ․ Երեւման եկեղեցու մասին էր)։   Նրա խոսքերով՝  եկեղեցու վերակառուցման ժամանակ դամբարաններից դուրս են հանվել վրաց մեծերի ոսկորներ։ Նա նաեւ ասաց, որ Ախալցխան Երուսաղեմ չէ եւ, եթե Վրաստանում բոլորը իրենց սրբավայրերը կառուցեն, ապա վրացիների համար տեղ չի մնա Վրաստանում։ Ռեզո Անդղուլաձեի տվյալ արտահայտությունը դուր չեկավ Տոլերանտության ու խաղաղության ինստիտուտի գրասենյակի ներկայացուցիչներին եւ նրանք մեղմորեն փորձեցին զսպել տվյալ անհատի ազգայնական արտահայտությունները։

Տվյալ թեմայի շուրջ իր դիրքորոշումը հայտնեց նաեւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը։ Նա մասնավորապես նշեց, որ երբ 2010 թվականին Սբ․ Երեւման եկեղեցին վրաց կաթոլիկների կողմից վերանորոգման էր ենթարկվում, գետնի տակից դուրս էին եկել բազմաթիվ հայկական գրություններով միջնադարյան խաչքարեր, որոնց մի մասը այլեւս գոյություն չունի եկեղեցու տարածքում, չնայած նրան, որ եկեղեցին  խոստում էր տվել խաչքարերը չվնասելու։ Նա նաեւ նշեց, որ տվյալ հարցի վերաբերյալ ունի բազմաթիվ ապացույցներ։

Էդուարդ Այվազյանի հետ չհամաձայնեց Ռեզո Անդղուլաձեն պնդելով, թե իբր նախկինում ռուսական կայսրության ժամանակ Վրաց Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներին չէին թույլատրում աղոթել ու գրել վրացերեն եւ դրա համար ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները ստիպված հուշարձանների վրա գրում էին հայերեն։ (Այդ թվում նաեւ խաչքարերի)։

«Օրինակ Ռուսական կայսրության օրոք Պետրեին Պետրոս էին անվանում եւ Պավլեին՝ Պողոս»,-ասում է քաղաքապետարանի աշխատակից Ռեզո Անդղուլաձեն։ Հարկ է նշենք, որ նախկինում տվյալ անհատը պնդում էր, թե իբր թուրքական կառավարման օրերին է դա տեղի ունեցել, հիմա նա իր միտքը կատարելագործել է եւ համարում է, որ Ռուսական կայսրության օրոք է իբր այդ ամենը տեղի ունեցել, երբ բոլորին ստիպում էին հայերեն գրել ու աղոթել։

Դրան ի պատասխան Էդուարդ Այվազյանը նկատեց, որ տվյալ խաչքարերը միջնադարյան խաչքարեր են եւ այդ ժամանակ պարզապես գոյություն չէ ունեցել Ռուսական կայսրությունը։

Բարձրացվող խնդիրների շուրջ նա նաեւ նշեց, որ այսօր Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում ունի պատմական եկեղեցիների վերադարձման խնդիր։ Դրանից բացի նրա կարծիքով՝ պետք է պետական արտոնություններից օգտվելու հնարավորություն ունենան երկրի բոլոր կրոնական հաստատությունները, մասնավորապես հարկային քաղաքականությունը պետք է լինի բոլոր եկեղեցիների հանդեպ հավասար։ Դրանից բացի  Հայ Առաքելական եկեղեցին պետք է հնարավորություն ունենա պետական բյուջեից հատկացվող գումարի միջոցով վերանորոգելու իր եկեղեցիները ու սրբավայրերը։

Անդրադառնալով Ախալցխայի Սբ․ Նշան եկեղեցու խնդրին, Էդուարդ Այվազյանը ներկաներին տեղեկացրեց, որ նախընտրական շրջանում իշխանությունները եկեղեցու մոտ տեղադրել են գիշերային լուսավորություն եւ անձամբ մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն խոստացել է, որ եկեղեցու ժանգոտված գմբեթները ներկվելու են։ «Պատգամավոր Գիորգի Կոպաձեն նախընտրական շրջանում մեր պահանջով խոստացել է, որ Սբ․ Նշան եկեղեցու ժանգոտված գմբեթները ներկվելու են։ Մենք հիմա սպասում ենք, որ նա իր խոստումը իրականություն դարձնի, քանզի մեր տուրիստական գեղեցիկ քաղաքին վայել չէ, որ եկեղեցու գմբեթները ժանգոտված են երեւում»,-ասում է Էդուարդ Այվազյանը։

Նրա ասածին փորձեցին հակաճառել տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները պնդելով, որ իրենք իրավունք չունեն ներկելու եկեղեցու գմբեթները եւ դա հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործակալությանն է պատկանում, ինչին ի պատասխան Էդուարդ Այվազյանը ասաց, որ Գիորգի Կոպաձեն ավելի լավ է պատկերացնում, թէ այդ հարցով ում կարող է դիմել։

Հանդիպման ավարտին Հայ Առաքելական եկեղեցու Ախալցխայի շրջանի հոգեւոր հովիվ տեր Թորգոմ քահանա Վարդանյանը մանրամասն ներկայացրեց Հայ Առաքելական եկեղեցուն հուզող բազմաթիվ խնդիրները։ Նա մանրամասն անդրադարձ կատարեց «վիճելի» համարվող եկեղեցիների խնդրին եւ ներկաներին տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում պատգամավոր Գիորգի Կոպաձեն սեփական նախաձեռնությամբ խոստացել էր, որ պետությունը վերանորոգելու է հայկական Սբ․Ստեփանոս եկեղեցին եւ փաստաթղթերով վերադարձնելու է այն Հայ Առաքելական եկեղեցուն։

Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի տվյալ հայտարարությանը եւս փորձեցին հակաճառել Ախալցխայի քաղաքապետարանի աշխատակիցները, պնդելով որ Ռաբաթ թաղամասը, որտեղ գտնվում է տվյալ եկեղեցին հատուկ Թբիլսիից է հսկվում։