Ծննդկանի մահվան պատճառները կպարզեն մասնավոր փորձագետները

Ծննդկանի մահվան պատճառները կպարզեն մասնավոր փորձագետները

Մարտի 28-ին Ախալցխայի «Իմեդի»  հիվանդանոցում   ծննդաբերել է Ծղրութի գյուղի բնակիչ 22- ամյա Ռուզաննա Չախոյանը առանց  որեւէ բարդությունների։ Երեխան եւ մայրը իրենց լավ էին զգում։ Բայց այսօր՝ մարտի 30-ին առավոտյան ժամը 07։30  ծննդկանը անսպասելի մահացել է։

Հիվանդանոցի մոտ հավաքվել էին  մահացածի հարազատներն ու համագյուղացիները եւ  պահանջում են   հանդիպել  բժշկի հետ։ Ընտանիքի անդամները պատահարի համար մեղադրում են հիվանդանոցի բուժ անձնակազմին։

Տեղում մոբիլիզացված են իրավապահպան մարմինները։ Հիվանդանոցի մոտ հավաքվածների հետ հանդիպել են նաեւ  տեղի ինքնակառավարման ներկայացուցիչները։

Մահացածի դիակը տեղափոխված է  փորձաքննական բյուրո, որտեղ  ընտանիքի կողմից վարձած մասնավոր փորձագետը կհետազոտի մահվան  պատճառը։

Պատահարի մասին հիվանդանոցի ոչ տնօրենը ոչ էլ բուժող բժիշկը չեն մեկնաբանում։ Միայն  տնօրենը՝ Դավիդ Մաիսուրաձեն անձնական զրույցի ժամանակ նշում է, որ երիտասարդ կինը մինչեւ մահանալը առողջական ոչ մի խնդիր չուներ եւ ծննդաբերության ժամանակ էլ ոչ մի խնդիր չէր առաջացել։ Նա կարծում է, որ  մահվան պատճառ թրոմբն է հանդիսացել։

Ընթանում է հետաքննություն  անուշադրությամբ մարդասպանության փաստի հիման վրա ըստ Վրաստանի օրենսգրքի 116-րդ հոդվածի  առաջին մասի։