Ցանկացած կազմակերպություն ՀՀ-ում թե սփյուռքում Ջավախքի խնդիրները քննարկելիս պետք է առաջնորդվի «Մի վնասիր» սկզբունքով

Ցանկացած կազմակերպություն ՀՀ-ում թե սփյուռքում Ջավախքի խնդիրները քննարկելիս պետք է առաջնորդվի «Մի վնասիր» սկզբունքով

Հայ ժողովրդի ուժը դարեր շարունակ հանդիսացել է միասնական սկզբունքով գործելու մեջ։ Երբ ազգը պառակտված է եղել անառողջ իշխանություններ, իշխաններ, հոգեւորականներ ու կուսակցականներ ունենալու պատճառով, հայ ժողովրդի հավաքական ճակատագիրը միշտ էլ վտանգված է եղել։ Դա անհերքելի փաստ է, ու այդ իսկ պատճառով ցանկացած հայրենասեր ու գիտակից հայ նախ պետք է առաջնորդվի «Մի վնասիր» սկզբունքով, կողքի դնելով սեփական  «ես»-երի կրքոտ զգացմունքները։ Դեռ Գարեգին Նժդեհն իր մտքերում  արտահայտում էր այն գաղափարը, որ ցանկացած հանցավոր «ես» վտանգ է հայ ժողովրդի հավաքական միասնության համար։

21-րդ դարում վերջապես եկել է ժամանակը, որ վերարժեքավորենք մեր պատմությունը եւ անցած ճանապարհը, որպեսզի հասկանանք այն սխալները, որոնք գործել ենք դարեր շարունակ եւ դրանով իսկ վնաս տվել մեր ժողովրդին ու ամբողջական գործին։ Նման սխալներ անշուշտ շատ ենք ունեցել, քանզի հաճախ առաջնորդվել ենք Կարապի, խեցգետնի և գայլաձուկի մասին պատմող առակի սկզբունքով եւ «մեր» նպատակին հասնելու համար օգտագործել ծայրահեղ միջոցներ, հաճախ բարդացնելով ժողովրդի վիճակը։

Երբ մեր մեջ կենդանի է կրքոտ «ես»-ը, նույնիսկ տարբեր կազմակերպությունների կամ կառույցների տեսքով, մենք չենք կարող առաջնորդվել չվնասելու սկզբունքով, քանզի շատ հաճախ ստիպված ենք գործել այնպես, որ մեր մրցակիցներին ցույց տանք «իրենց տեղը»։ Դա անշուշտ չի կարելի համարել հայրենիքին ու ազգին մատուցվող ծառայություն։ Ու այդ իսկ պատճառով պետք է բոլորս միասին սթափվենք եւ ոչ միայն չմեծամտանանք, չգոռոզանանք, այլ փորձենք ինչպես արյունակիցներ լսել միմյանց, որպեսզի բոլոր համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ազգովի մշակենք միասնական կարծիք ու մոտեցում եւ ոչ թե դա անենք պառակտված փոքրիկ խմբերով։

Անշուշտ հայ ժողովուրդը ունի բազմաթիվ կենսական հետաքրքրության ասպարեզներ։ Լինի դա Արցախյան հիմնահարց, Հայաստանի Հանրապետություն, Արեւմտյան Հայաստանի հարց, սփյուռք թե Ջավախք։ Բոլոր տեղերում առկա խնդիրները իրարից տարբեր են եւ բոլոր տեղերում խնդիրների լուծման ուղիները իրարից տարբեր պետք է լինեն։ Եթե Արցախում բանակի ու պետականության մշտական կատարելագործման ու ամրապնդման հարց կա, ապա ՀՀ-ում առկա են բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք սպառնում են մեր պետականությանն ու ժողովրդին։ Սփյուռքի խնդիրները այլ են, Ջավախքում առկա խնդիրները՝ ընդհանրապես այլ։

Այդ իսկ պատճառով բոլոր խնդիրները ունեն իրենց առանձնահատկությունները եւ չի կարելի բոլոր հարցերին մոտենալ միանման։ Օրինակի համար՝ շատ հաճախ այն աշխատելաոճը, որը ընդունված է սփյուռքի կողմից Արցախում, չի կարող ընդունելի լինել Ջավախքում, կամ ասենք Համշենում։ Այդ իսկ պատճառով կարեւոր է նախ բոլոր խնդիրները ճիշտ ուսումնասիրության ենթարկել ու հետո առաջին հերթին առաջնորդվել «Մի վնասիր» սկզբունքով։

Ջավախքի հայ ազգաբնակչությունը տեղի տարբեր հայկական կազմակերպությունների միջոցով բազմաթիվ անգամ նշել է, որ շրջանում առկա են լեզվական, եկեղեցական, իրավական, սոցիալ-տնտեսական ու այլ կարգի բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն ու կարող են միայն ու միայն լուծվել Վրաստանի իշխանությունների ներգրավման միջոցով։ Այդ իսկ պատճառով բոլոր տեսակի քննարկումները, լինեն դրանք Հայաստանի Հանրապետությունում, թե սփյուռքում պետք է ընթանան կոնստրուկտիվ մթնոլորտում, առանց ավելորդ ծայրահեղ ու ոչինչ չտվող զգացմունքային արտահայտությունների, որոնք ոչ միայն չեն կարող օգտակար լինել Ջավախքի խնդիրների լուծմանը, այլ վնասելու են Ջավախքի հայ ազգաբնակչությանը, լարելով պետության ու ժողովրդի հարաբերությունները։

Այս ինտենսիվ զարգացող համացանցի դարաշրջանում չի կարող լինել ոչ մի հանրային միջոցառում կամ լրատվամիջոցի հրապարակում, որ ծածուկ մնա  որեւէ շահագրգռված կողմի համար։ Այդ իսկ պատճառով մենք պետք է ուշադիր լինենք մեր կայքերում, թերթերում, հեռուստատեսություններում ու հանրային միջոցառումներում հայտարարությունների ու պաստառների չվերածելու համար այն կրքոտ «ես»-ից  բխող ծայրահեղ հայտարարությունները, որոնք զգացմունքային են ծայրահեղ եւ շատ վտանգավոր։ Մենք պետք է բոլորս միասին գիտակցենք, որ տարբեր հավաքներում ընթացող քննարկումները, կամ անզգուշորեն ու ոչ պրոֆեսիոնալ կերպով խնդիրների լուսաբանումը կարող է ավելի շատ ոչ ցանկալի երեւույթներ առաջացնել  եւ վնաս հասցնել տեղում ապրող ժողովրդին, քան օգտակար լինել առկա խնդիրների լուծման համար։

Այս իսկ պատճառով Ջավախքում առկա խնդիրների լուծման համար պետք է որդեգրենք պրոֆեսիոնալ ու երբեմն ճկուն քաղաքականություն։ Համենայնդեպս այդպիսին է այսօր տարածաշրջանում ձեւավորված քաղաքական իրողությունը, եւ մենք որպես գիտակից ու միասնական ազգ պետք է գործենք ելնելով այդ ձեւավորված իրողությունից ։

 

Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն