ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում մարտի 15-ին Ջավախքի խնդիրների վերաբերյալ ֆորում է անցկացվելու

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում մարտի 15-ին Ջավախքի խնդիրների վերաբերյալ ֆորում է անցկացվելու

Մարտի 15-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի համայնքային քոլեջում տեղի է ունենալու Ջավախքի խնդիրներին նվիրված ֆորում։ Ֆորումին, որի կազմակերպիչն է «ARS Javakhk Fund» կազմակերպությունը, մասնակցելու են Գլենդել քաղաքի բազմաթիվ հայ քաղաքական ու հասարակական գործիչներ, ինչպես նաեւ հասարակ բնակիչներ։

Ֆորումի ընթացքում Ջավախքի խնդիրների շուրջ զեկույցով հանդես է գալու Գլենդելի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ՝ Զարեհ Սինանյանը, ով մասնակիցներին պատմելու է անցյալ տարի Ախալցխա իր այցելության մանրամասների ու տպավորությունների մասին։ Զարեհ Սինանյանը ֆորումի մասնակիցներին մանրամասն կներկայացնի Սամցխե-Ջավախի քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակը, որի մասին նա անձամբ տեղեկացել է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի անդամներից ու ջավախքի բազմաթիվ բնակիչներից։

Մարտի 15-ին Ջավախքի վերաբերյալ տեղի ունենալիք ֆորումին մասնակցելու է նաեւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի ԱՄՆ-ի մասնաճյուղի ներկայացուցիչ՝  Էդուարդ Էնֆիաջանը, ով կներկայացնի կազմակերպության դիրքորոշումը Սամցխե-Ջավախքում առկա մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ։

Անկասկած ֆորումի ընթացքում քննարկվող թեմաներին հետեւելու է նաեւ Սամցխե-Ջավախքի հայ հասարակությունը, ինչպես հավանաբար նաեւ Վրաստանի իշխանությունը ու այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր հնչած միտք ֆորումի ընթացքում լինի կառուցողական եւ նպաստի շրջանում առկա խնդիրների լուծմանը։

Akhaltskha.Net