Սամվել Պետրոսյան․ Իրականում մենք երկու հարց ենք առաջ քաշել Ախալքալաքի շրջանային ժողովում

Սամվել Պետրոսյան․ Իրականում մենք երկու հարց ենք առաջ քաշել Ախալքալաքի շրջանային ժողովում

Մի քանի օր առաջ դեկտեմբերի 11-ին Ախալքալաքի շրջանային ժողովի բյուրոն քննարկեց ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի պատգամավորների դիմումը Ախալքալաքի սակրեբուլոյին, որով պատգամավորները կոչ էին անում շրջանային ժողովին տեղական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ մարդկության դեմ իրականացված բոլոր մնացած Ցեղասպանությունները։ Շրջանային ժողովի բյուրոն հարցը քննարկեց եւ դեմ քվեարկեց, արդյունքում հարցը այդպես էլ չհասավ լիագումար նիստի օրակարգ:

Այս առիթով Akhaltskha.Net-ը կապ հաստատեց Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Հայրենասերների դաշինք»-ի կողմից ընտրված Ախալքալաքի շրջանային ժողովի ներկայիս պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանի հետ։

Սամվել Պետրոսյանի խոսքերով իրենք իրականում երկու հարց էին առաջ քաշել Ախալքալաքի շրջանային ժողովում։ «Մեր շրջանում շատ ակն այնպիսի գյուղեր, որտեղ ընդհանրապես չեն գրված անվանումներ։ Այնտեղ շատ հաճախ են գնում զբոսաշրջիկներ, որոնց շրջանում նաեւ շատ հայեր կան։ Մենք առաջարկեցինք գյուղերի անվանումները գրել վրացերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով։ Դա թույլ է տալիս Վրաստանի օրենսդրությունը եւ հարցը լիազորված է ընդունելու շրջանային ժողովը»,- ասում է Սամվել Պետրոսյանը։

Նրա խոսքերով տվյալ հարցը մերժվեց այն պատճառաբանությամբ, թե իբր իրենք տեղյակ չեն Վրաստանի այլ շրջաններում կիրառվել է թե չի կիրառվել տվյալ փորձը։

Եւ հաջորդ հարցը այն էր, որ դեկտեմբերի 9-ը Ախալքալաքում ճանաչվեր Ցեղասպանությունների հիշատակման օր, այդ թվում նաեւ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օր։ Ինչպես նաեւ կոչ արվեր Վրաստանի խորհրդարանին հետևել քաղաքակիրթ երկրների օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ախալքալաքի շրջանային ժողովի բյուրոյում հարցի քննարկման ժամանակ պատգամավորները ասացին, որ լավ կլինի ոչ թե հայերը Վրաստանի խորհրդարանում բարձրացնեն այդ հարցը, այլ «Հայրենասերների դաշինք»-ի վրացի պատգամավորները։ Սակայն ես կարծում եմ, որ Հայոց Ցեղասպանության հարցը պետք է բարձրացնենք նախ մենք հայերս։ Եւ երկրորդը այն էր, որ Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահն ինձ ասաց, որ տվյալ հարցը իրենք կքննարկեն Շիրակ Թորոսյանի եւ Վրաստանում Հայաստանի դեսպանի հետ եւ հարցի վերաբերյալ կլսեն նրանց կարծիքը, ընդունեն թե չընդունեն տվյալ որոշումը։ Դա ուղղակի աբսուրդ է։ Մենք ինքնուրույն պետք է ընդունենք տվյալ հարցը»,-ասում է Սամվել Պետրոսյանը։

Նա նաեւ ավելացրեց, որ Եվրոպական մի շարք երկրների քաղաքներ ընդունել են Հայոց Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշումներ, որոնց շարքում կան քաղաքներ, որտեղ հայերի թիվը շատ փոքր է, իսկ Ախալքալաքի շրջանում նրա խոսքերով հայերի թիվը կազմում է 90 տոկոս։