Պուտինը չէր համաձայնել, որովհետև դա Թուրքիայի վերջն էր նշանակում

Պուտինը չէր համաձայնել, որովհետև դա Թուրքիայի վերջն էր նշանակում

Թուրքական Haberturk թերթին տված հարցազրույցում քաղաքագետ, Կրեմլի գաղափարաբաններից Ալեքսանդր Դուգինը նշել է, որ Թուրքայի և ՆԱՏՕ-ի դաշնակցությունը մոտենում է ավարտին: Նրա խոսքով, Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձել է դաշնակցել թե մուսուլմանների, թե Արևմուտքի հետ, սակայն դրա արդյունքը ռազմական հեղաշրջման փորձն էր:

Դուգինը նշում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի փորձում Թուրքիային իր կողմը քաշել, այլ Արեւմուտքն է Թուրքիային մղում Ռուսաստանի կողմ:

Նրա խոսքով, Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի նախաձեռնողն ԱՄՆ-ն է: Պատճառն այն է, որ Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից ռուսական Սու-24-ի խոցման միջադեպի համար և կարգավորել է հարաբերությունները Մոսկվայի հետ: «Որքան Էրդողանը ձգտում է անկախ դառնալ, այնքան ավելի է թիրախ դառնում Արեւմուտքի համար: Եթե Թուրքիան ցանկանում է ամբողջական մնալ, չպետք է արևմտյան ճամբարում մնա», – ասել է նա:Դուգինը պատմել է, որ ինքը միջնորդ է եղել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:

Նրա խոսքով, թուրքական կողմը ներկայացրել է, որ ինքնաթիռը խփելու հրամանը ոչ թե Էրդողան է տվել, այլ կառավարության արևմտամետ անդամները:«Ես օգնել եմ Պուտինին Էրդողանի հետ գործում, որովհետև արդեն պատերազմի շեմին էինք: Մեր նախագահը, սակայն, հեշտ չի փոխում կարծիքը, Պուտինը ռացիոնալ է եւ ռեալիստ: Եթե որոշ հարցերում կան ապացույցներ, նա միանգամից գնահատում է դա», նշում է Դուգինը:Դուգինի խոսքով, ԱՄՆ ԿՀՎ-ն հեղաշրջման օրը փորձել է կտրել կապի ալիքները Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Ամերիկացիները փորձել են համոզել Պուտինին կոշտ դիրքորոշում բռնել Թուրքիայի նկատմամբ՝ նշելով, որ այլ առաջնորդներն Էրդողանից լավն են լինելու, Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու, որը Ռուսաստանը կարող է իր նպատակներով օգտագործել: ԿՀՎ-ն կարողացել է ազդեցիկ մարդկանց հավաքել Պուտինի շուրջ, սակայն Պուտինը չի գնացել դրան, որովհետև դա Թուրքիայի վերջն էր նշանակում: Դուգինի խոսքով, ռազմական հեղաշրջումից հետո քրդերը պետք է ապստամբություն բարձրացնեին:

Lragir.am