Ջավախքցիների շրջանում տարակուսանք կա առաջնորդական փոխանորդության հետագայի հանդեպ. Արտյուշ Գրիգորյան

Ջավախքցիների շրջանում տարակուսանք կա առաջնորդական փոխանորդության հետագայի հանդեպ. Արտյուշ Գրիգորյան

Haydzayn.am-«Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում հոկտեմբերի 25-ին տեղի  ունեցած հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողովի  ժամանակ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտնել է առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի՝ աշխատանքից ազատման որոշման մասին, և, ըստ պաշտոնական հաղորդագրության, փոփոխությունը պայմանավորված է կադրային և կառուցվածքային փոփոխություններով»,-«Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը:

Վերջինս նշեց, որ ձևավորվել է այնպիսի կարծիք, թե առաջնորդական փոխանորդի՝ աշխատանքից ազատումը կապվում է Գումբուրդոյի եկեղեցու շուրջ տեղի ունեցած իրավիճակի հետ, քանի որ փոխանորդի աշխատանքից ազատմանը նախորդել էր եկեղեցու հետ կապված միջադեպը, այժմ սակայն, ըստ Գրիգորյանի,   դժվար է կապը հերքել կամ հաստատել։ «Պետք է նշել, որ հոգևոր սպասավորների փոխատեղումներ Հայ առաքելական եկեղեցում կատարվում են, բայց կոնկրետ այս դեպքի հետ կապված դրդապատճառները հստակ չեն , և ըստ երևույթին, որոշակիորեն հստակ կլինեն, երբ պարզ դառնա, թե ինչ ճակատագիր է սպասվում Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխանորդությանն ընդհանրապես»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջինս հավելեց, որ  սույն հարցը երկու մասից է բաղկացած․ մեկը կոնկրետ Բաբկեն վարդապետի պաշտոնում մնալ-չմնալու հարցն է, և երկրորդը՝  Սամցխե Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդության հետագա  ճակատագրի հարցը։ «Վիրահայոց թեմի առաջնորդը, ինչպես նշեցի, փոխանորդին աշխատանքից ազատելը կապում է կադրային և կառուցվածքային փոփոխությունների հետ, բայց քանի որ Վազգեն սրբազանը համատեղ ժողովից հետո հայտնել էր, թե «ինքն է զբաղվելու, մինչև տեսնեն ինչ կլինի», ջավախքցիների մեջ առաջացել է առաջնորդական փոխանորդության հետագա ճակատագրի հետ կապված տարակուսանք և մտահոգություններ»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ  առաջնորդական փոխանորդի նոր թեկնածուի մասին տեղեկություններ չկան, իսկ ջավախքցիները կոչով ու հայտարարություններով դիմել են Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը և սպասում են արձագանքի։

«Բարձր հարգանք ունենալով Բաբկեն վարդապետի հանդեպ՝ չեմ կարծում, որ խնդիրը պետք է քննարկել միայն անձի մակարդակում։ Ու առհասարակ, անհասկանալի է՝ այս հարցը ինչու է հենց հիմա քննարկվել, երբ Ջավախքի շուրջ կատարվում են ավելի ուշագրավ իրադարձություններ»։

Անդրադառնալով Փոխանորդության վերացման հավանականությունը՝ մեր զրուցակիցը նշեց, որ Սամցխե-Ջավախքում և Ծալկայում 50-60 գործող հայ առաքելական եկեղեցիներ կան և, բնականաբար, փոխանորդության կազմալուծումը հոգևոր կյանքի վրա խիստ բացասաբար կանդրադառնա։  «Ջավախքի առաջնորդական փոխանորդությունը քիչ բան չի արել Ջավախքում հոգևոր կյանքի զարգացման համար։  Կարծում եմ՝ կան բոլոր հիմքերը, որպեսզի ոչ միայն փոխանորդությունը չկազմալուծվի, այլև Ջավախքն ունենա առանձին թեմ»,- եզրափակեց Արտյուշ Գրիգորյանը։

 

Հարցազրույցը՝         Գոհար Մակարյանի