Ի՞նչ ճակատագիր է սպասում Ջավախքի առաջնորդական փոխանորդությանը

Ի՞նչ ճակատագիր է սպասում Ջավախքի առաջնորդական փոխանորդությանը

Բավականին վերջերս հայտնի դարձավ, որ Բաբկեն Վարդապետ Սալբյանը Ջավախքում 16 տարվա ծառայությունից հետո հեռացվել է Ջավախքի առաջնորդական փոխանորդի պաշտոնից։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ակնարկ կա, որ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը անձամբ է ղեկավարելու Ջավախքի առաջնորդական փոխանորդությունով, կամ ընդհանրապես չեղարկելու է այն, ինչը մի շարք հարցեր է առաջացնում Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության համար։ Այս հարցերը ավելի մեծ կասկածանքի առիթ են տալիս, քանզի հոկտեմբերի 5-ին Վիրահայոց թեմը Վրաց Ուղղափառ եկեղեցու հետ համատեղ հայտարարություն տարածեց Ախալքալաքի Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, որը խիստ բացասական ընդունվեց Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության բացարձակ մեծամասնության կողմից։

Ինչքան էլ փորձեն պնդել հակառակը, այնուամենայնիվ չի բացառվում, որ այս երկու դեպքերը իրար հետ ուղիղ կապ ունեն։ Կարելի է նաեւ լավատեսություն ունենալ եւ ենթադրել, որ դա Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Գարեգին Բ-ի  բացասական արձագանքն է Գումբուրդոյի դեպքերի հետ կապված Վիրահայոց թեմի եւ Ուղղափառ եկեղեցու համատեղ հայտարարության վերաբերյալ ու Բաբկեն Վարդապետ Սալբյանի հեռացումով սկիզբ է դրվելու Ջավախքում առանձին թեմի ձեւավորմանը, ինչի վերաբերյալ բազմաթիվ կոչերով կաթողիկոսին արդեն տարիներ է ինչ դիմում են Սամցխե-Ջավախքի հայկական կազմակերպությունները։ Սակայն այսօրվա համատարած բնույթ ընդունած ազգային մտածողության նահանջից ելնելով, կարելի է ենթադրել, որ Բաբկեն Սալբյանի հեռացման որոշումը ոչ թե կապված է Ջավախքում առանձին թեմի ձեւավորման համարձակ քայլի մեկնարկով, այլ ամենայն հավանականությամբ պայմանավորված է Ջավախքի առաջնորդական փոխանորդության վերացման գործընթացով։

 

Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն