«This church is my cultural heritage»-ակցիա ջավախքցիների facebook-յան էջերում

Երեկ երեկոյան ջավախքցիների facebook-յան էջերում մեկնարկել է «This church is my cultural heritage» ինտերնետային ակցիան, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «Այս եկեղեցին իմ մշակութային ժառանգությունն է»: Նկարով արդեն իսկ կիսվել են Ջավախքի բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչներ, մտավորականներ եւ պարզապես հասարակ մարդիկ: Ամենայն հավանականությամբ տվյալ ինտերնետային ակցիան մեկնարկել է այն բանից հետո, երբ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը Վրաց Ուղղափառ եկեղեցու հետ համատեղ հայտարարություն է ստորագրել, որում ասված է, որ  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը  հաստատում է, որ տաճարի նկատմամբ որևէ  հավակնություն չունի և այն համարվում է վրացական:

Այս առիթով «Հետք»-ը  հաջորդ օրը զրուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ: Հարցազրույցի ժամանակ Վիրահայոց թեմի առաջնորդը հաստատեց, որ իրենք համատեղ են ընդունել տվյալ հայտարարությունը: Հարցազրույցում նա մասնավորապես ասաց հետեւյալը. «Բայց ո՞վ է վիճարկում, որ ես վիճարկեմ»: Հայտարարությանը եւ տվյալ հարցազրույցին դժգոհությամբ արձագանքեցին ինչպես սոցիալական ցանցերի օգտատերերը, այնպես էլ հասարակական գործիչները:

Մասնավորապես  «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքը  Վիրահայոց թեմի եւ Ուղափառ եկեղեցու համատեղ հայտարարությունը վերնագրեց որպես «Ճնշման ազդեցության տակ ստորագրած անընդունելի հայտարարությունը»: