Ռուսաստանը վերցնում է հայկական բանակը – 2

Ազգային ժողովի մեծ օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը, որն ամենայն հավանականությամբ կքննարկվի առաջիկա նստաշրջանում: Խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանության է արժանացրել այս նախագիծը: Կասկածից վեր է, որ բացի «Ելք» խմբակցությունից, մյուս բոլոր խմբակցությունները կողմ կքվեարկեն այս համաձայնագրին: Համաձայնագիրն արդեն վավերացվել է Ռուսաստանի Պետդումայի կողմից և ստորագրվել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Իսկ ինչ է իրենից ներկայացնում համաձայնագիրը:

Համաձայնագրի առաջին հոդվածում սահմանվում է նման խմբավորում ստեղծելու նպատակը. Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Կողմերի անվտանգության ապահովման նպատակով Կողմերը ստեղծում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորում:

Բայց ինչի են Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում համատեղ խմբավորում, երբ հիշյալ նպատակի, այն է կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման համար առավել քան բոլոր հնարավորությունները և միջոցները առկա են: Նկատի ունենք, որ Հայաստանը և Ռուսաստանը միևնույն ռազմաքաղաքական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են, ինչը նախատեսում է, որ կողմերից որևէ մեկի հանդեպ ագրեսիայի կամ դրա սպառնալիքի դեպքում կողմերից մյուսը կարող է օգնություն խնդրել: Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանում ունի 102 ռազմաբազան և այն վերջին տարիներին ակտիվորեն ուժեղացվում և վերազինվում է: Բայց կա մի հանգամանք, որը հանգիստ չի տալիս Ռուսաստանին, և նման խմբավորում ստեղծելով, Ռուսաստանը ըստ էության ցանկանում է լուծել այդ խնդիրը: Խոսքը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասին է, որը Ռուսաստանից անկախ մարմին է: Այսպիսի միացյալ զորամիավորում ստեղծելով, Ռուսաստանը փորձում է իրեն ենթարկեցնել Հայաստանի զինված ուժերը:

Առաջին հայացքից թվում է, թե համաձայնագրում ամեն ինչ փոխադարձության սկզբունքով է, և նույնիսկ հայկական կողմը զինված ուժերի հրամանատարության ձևավորման մեջ մի քիչ ավելի մեծ դերակատարում ունի, քան ռուսականը: Բայց իրականում, եթե այս համաձայնագիրը կյանքի կոչվի, ապա դրա արդյունքում Հայաստանը կզրկվի սեփական զինված ուժերից, դրանք կառավարելու իրավունքից: Որովհետև համաձայնագրով նախատեսվում է իրավիճակ, երբ ոչ միայն միացյալ զորախմբի, այլ զինված ուժերի այլ զորամիավորումներ կարող են անցնել միացյալ խմբավորման հրամանատարության տակ:

Համաձայնագրին կից կա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կանոնակարգը, որը սահմանում է միացյալ խմբավորման գործողությունների համակարգման նորմերը: Այդ կանոնակարգը լինելով համաձայնագրի բաղկացուցիչ մասը, ենթակա է ԱԺ-ի կողմից պարտադիր վավերացման: Տեսեք, թե ինչ է ասում այդ կանոնակարգի 8-րդ հոդվածը. Միացյալ խմբավորման կիրառման պլանի համաձայն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի համատեղ հրամաններով (հրամանագրերով) և հրահանգներով (կարգադրություններով), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի համատեղ հրահանգներով, պաշտպանության բնագավառի խնդիրներ լուծելու նպատակով, Միացյալ խմբավորման հրամանատարի օպերատիվ ենթակայության տակ կարող են փոխանցվել զորքեր (ուժեր):

Այսինքն՝ կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ Հայաստանի ամբողջ բանակի հրամանատարությունը կարող է անցնել միացյալ հրամանատարի օպերատիվ ենթակայության տակ: Հիմա կարող են ասել, որ այդ նույն տրամաբանությամբ Ռուսաստանի զինված ուժերն էլ կարող են անցնել միացյալ հրամանատարության ենթակայության տակ, բայց դա այդպես չէ, քանի որ համաձայնագրի առաջին հոդվածում ասված է, որ խմբավորումը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանի համար: Եվ ի վերջո, ում համար պարզ չէ, թե ինչ մեխանիզմով են ընդունվելու նման որոշումները, կամ ինչ է նշանակում համատեղ հրամանագիրը կամ համատեղ հրահանգը:

Համաձայնագրում բազմաթիվ են նման հղումները երկու երկրների ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարների, ՊՆ նախարարների, ԶՈւ Գլխավոր շտապի պետերի հրամանագրերին ու հրամաններին: Եվ չես հասկանում, թե ինչ պետք է լինի, երբ Հայաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը մի հրամանագիր է ստորագրում, իսկ Ռուսաստանինը՝ մեկ այլ:

Միացյալ խմբավորման հրամանատարն իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններով (հրամանագրերով) և հրահանգներով (կարգադրություններով), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, նրա տեղակալների և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի, նրա տեղակալների հրամաններով, հրահանգներով ու ցուցումներով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի հրահանգներով, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ,- ասված է համաձայնագրում: Դե հիմա ասեք, ում հրամանը պետք է կատարի Միացյալ խմբավորման հրամանատարը, եթե երկու տարբեր հրաման է ստանում, ինչը տեսականորեն չի կարելի բացառել, և գործնականում էլ միանգամայն հնարավոր է:

Այս հարցերի պատասխանը միանշանակ է, և պարզ է, թե որտեղ են կայացվելու և արձակվելու այդ համատեղ հրամանները: Ինչպես նշեցինք՝ Ռուսաստանի իշխանությունները շատ լավ են հասկանում, որ այս համաձայնագրով իրենք վերահսկողություն են հաստատում Հայաստանի զինված ուժերի մեկ առանձին վերցված խմբավորման նկատմամբ, իսկ հետագայում նաև ամբողջ բանակի նկատմամբ: Ռուսաստանը և Բելառուսը համատեղ պետություն են ստեղծել, բայց համատեղ զորամիավորում չունեն, մինչդեռ այս համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանն ու Ռուսաստանը կունենան: Կարծում ենք՝ ամեն ինչ պարզ է. Հայաստանը վերածվում է Հարավային Օսիայի կամ լավագույն դեպքում Աբխազիայի, այդ երկրներն այլևս չունեն սեփական զինված ուժեր, այնտեղ ամեն ինչ համատեղ է և ուղղված է Կովկասյան տարածաշրջանում անվտնգության ապահովմանը:

Ավետիս Բաբաջանյան