Ախալցխայի ուխտավորները այցելեցին Արցախ

Սեպտեմբերի  12-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և հոգևոր տեսչության բարերար՝  Մանվել Թորոսյանի հովանավորությամբ շուրջ 50 հավատացյալներ ուղևորվեցին դեպի Արցախ։

Ուխտավորների առաջին այցը եղավ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Դեպի Արցախ գնալիս ճանապարհին ուխտավորները այցելեցին Նորավանք, որտեղ հավատացյալներին դիմավորեց Արժ․ Տ․Սահակ քահանան, ով ուխտավորներին ծանոթացրեց եկեղեցու պատմությանը։

Նորավանքից  Ախալցխայի ուխտավորները ուղևորվեցին դեպի Տաթևի վանական համալիր։ Տաթևի վանական համալիրում Հոգշ․ Տ․ Միքայել վարդապետ Գևորգյանը ջերմորեն ընդունեց ուխտավոր հավատացյալներին և ծանոթացրեց եկեղեցու պատմությանը։

Ուխտավորները գիշերը անցկացրին Տաթևի վանքում եւ առավոտյան ուղևորվեցին Գորիս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Գորիսից հետո հաջորդ կանգառը Արցախում էր:

Արցախ հասնելով Ախալցխայի ուխտավորները այցելեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, որտեղ մասնակցեցին ժամերգության։

Ուխտավորների հաջորդ կանգառը Արցախում Գանձասարի վանական համալիրն էր։ Առավոտյան Գանձասարի Սուրբ Հովհաննես Եկեղեցում Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սրբալույս Պատարագ ձեռամբ Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի։

Պատարագից հետո ուխտավորներն ուղևորվեցին Սրխավենդի զորամաս։

Ուխտավորների վերջին կանգառը Դադիվանքն էր։