Տաբածղուրցիները կրկին պայքարում են իրենց լճի համար

Տաբածղուրցիները կրկին պայքարում են իրենց լճի համար

Սամցխե-Ջավախքի Բորժոմիի շրջանի հայկական Տաբածղուրի եւ Մոլիթ գյուղերի բնակիչները արդեն մի քանի տարի է պայքարում են իրենց լճի շուրջ արհեստականորեն ստեղծված իրավիճակի դեմ: Խնդիրը նրանում է, որ տարիներ առաջ ՀՀ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը արտոնագիր էր ձեռք բերել լճում ձուկ որսալու եւ ինչպես տաբածղուրցիներն են պատմում՝ նրանց փորձ էր արվում արգելել ձուկ որսալը իրենց պապական լճում: Դատական քաշքշուկը, որը արդեն մի քանի տարի  ընթանում Է Վարդան Այվազյանի ընկերության եւ տաբածղուրցիների միջեւ մինչեւ օրս չէ ավարտվել եւ այն ներկա պահին հասել է Վրաստանի գլխավոր դատարան:

Սակայն, չնայած այս ամենին Տաբածղուրիում հայտնվել է մեկը, ով իրեն հռչակել է լճի նոր սեփականատեր: Տվյալ անձի անունն է Զազա Սարալիձե, ով գործարար է եւ Տաբածղուրիում լճի կողքին կառուցում է հյուրանոց:

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին Զազա Սարալիձեի աշխատակիցները փորձել են Ախալքալաքից 20 000 չափաքանակով փոքր ձկներ տեղափոխել Տաբածղուրի, որպեսզի տվյալ ձկները լցնեն լճի մեջ, ինչին ընդդիմացել է Տաբածղուրիի ժողովուրդը:

«Տվյալ ձկները ուզում են լցնել լիճ, որպեսզի ժամանակ անց կրկին փորձեն արգելել մեզ ձուկ որսալ: Լիճը մեր ժողովրդինն է եւ դարերով լճով է կերակրվել մեր ժողովուրդը ու հիմա մենք այնքան ենք հոգնել, որ ցանկացած ձեւով պատրաստ ենք պայքարել հանուն մեր իրավունքների: Մենք ինքներս խնամում ենք մեր լիճը ու նախկինում 80 000 փոքր ձկներ ենք լցրել լիճ ու կարիք չկա, որ նրանք լցնեն իրենց ձկներին ու տեր կանգնեն մեր լճին»,-ասում է տաբածղուրցիներից մեկը:

Մարդիկ տեսնելով ոստիկաններին եւ լրագրողներին սկսեցին բողոքել իրենց հուզող բոլոր խնդիրներից: Հիմնական խնդիրները լճի շուրջ ստեղծված իրավիճակից էին բխում եւ մարդկանց կարծիքով ամեն ինչ արվում է, որ տաբածղուրցին մնա սոված եւ լքի իր գյուղը ու այդ տեղը զբաղեցնեն ուրիշները:

«Մեզ չեն թույլ տալիս օգտվելու մեր գյուղի շուրջ գտնվող արոտավայրերից, սակայն նույն ժամանակ թուրքերին թույլատրվում է օգտվել տվյալ արոտավայրերից: Պետությունը ասում է, որ տվյալ տարածքը արգելոց է, սակայն տվյալ օրենքը չգիտես ինչու  թուրքերին չի վերաբերվում եւ նրանց բերել են մեր հողերի վրա»,-ասում է մեկ ուրիշ Տաբածղուրիի բնակիչ:

Մոտ երեք ժամ տեւած բողոքի հավաքից հետո ոստիկանները բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ հեռացան եւ կապ հաստատեցին իրեն լճի սեփականատեր հռչակած Զազա Սարալիձեի հետ ու պայմանավորվեցին, որ տվյալ ձուկը հետ է վերադառնալու Ախալքալաք, ինչից հետո ոստիկանները վերադարձան եւ տվյալ տեղեկությունը հայտնեցին Տաբածղուրիի բնակիչներին: Տվյալ տեղեկությունը ժողովուրդը ընդունեց ուրախությամբ եւ ոստիկանների հետ միասին ճանապարհեց ձկներով բեռնված մեքենան իրենց գյուղի սահմաններից դուրս:

Տաբածղուրցիների խոսքերով՝ Զազա Սարալիձեի հետեւում կրկին կանգնած է Վարդան Այվազյանը եւ նրանք ոչ մի դեպքում թույլ չեն տա որեւէ մեկին տիրանալ իրենց լճին ու հարկ եղած դեպքում լճի սեփականացման դեմ կպայքարեն բոլոր հնարավոր միջոցներով:

Akhaltskha.Net