Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանում կամաց-կամաց ձեռք են բերելու անվտանգության բաղադրիչ

Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանում կամաց-կամաց ձեռք են բերելու անվտանգության բաղադրիչ

Ախալցխայի մոտակայքում գտնվող Օրփոլա ռազմական պոլիգոնում սեպտեմբերի 3-ին տեղի են ունենալու  «Agile Spirit 2017» ռազմական զորավարժություններ, որոնք կազմակերպվում են ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախաձեռնությամբ: Տվյալ զորավարժությունները Վրաստանում անցկացվում են 2011 թվականից, որին այս տարի մասնակցելու են Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի զինվորականները: Վրացական լրատվամիջոցները հղում անելով Վրաստանի Պաշտպանության նախարարության հաղորդում են, որ Հայաստանը եւս մտադիր է մասնակցել տվյալ զորավարժություններին:

Ռազմական զորավարժությունները ներառելու են դաշտային եւ շտաբային փուլեր, որոնց հիմնական նպատակն է բարելավել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ներգրավվածությունը, ինչպես նաեւ ամրապնդել ԱՄՆ-ի եւ այլ գործընկեր երկրների միջեւ փոխգործակցությունը ռազմական ոլորտում:

Հարկ է նշել, որ այս զորավարժությունները հետեւում են հուլիսի 30-ին Թբիլիսիի մոտակայքում անցկացված ՆԱՏՕ-ի «Արժանապատիվ գործընկեր 2017» մասշտաբային զորավարժություններին, որին մասնակցում էին 8 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի եւ Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները:

Եթե Հայաստանի զինված ուժերը վերջին րոպեին ստիպված չլինեն հրաժարվել տվյալ զորավարժություններին մասնակցելուց եւ իրոք մեկնեն Վրաստան, ապա դուրս է գալիս, որ մեկ ամսվա կտրվածքով Հայաստանի զինված ուժերը Վրաստանում արդեն երկրորդ անգամ են մասնակցում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների կողմից կազմակերպված զորավարժություններին, որին այս անգամ չի մասնակցում դաշինքի անդամ Թուրքիան եւ ինչպես նախորդ անգամ, հիմա  եւս չի մասնակցում ՆԱՏՕ-ի մեկ այլ գործընկեր համարվող Ադրբեջանը:

Դա չափազանց հետաքրքրական է հաշվի առնելով այն փաստը, որ օգոստոսի 18-ին հայտնի դարձավ Թուրքիայի մտադրությունը ԵՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր կնքելու մասին: Թուրքիայի Իզմիր քաղաքում ընթացող ռուս-թուրքական բիզնես ֆորումին ելույթով հանդես եկած էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին հայտարարել էր, որ  Թուրքիան ցանկանում է մաքսային համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ: Նախարարը նշել է, որ այս տարվանից սկսած այդ ուղղությամբ բանակցություններ կսկսվեն:

Իսկ օգոստոսի 25-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Թուրքիան և Ռուսաստանը Ս-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի հարցում համաձայնության են հասել: Այս ամենը նշանակում է, որ երկու երկրների միջեւ ակտիվ ընթանում են տնտեսական եւ ռազմական ոլորտներում համագործակցության խորացման քննարկումներ: Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ շահերի համադրում է տեղի ունենում նաեւ Սիրիական հակամարտության շուրջ, ինչը մեղմ ասած դուր չի գալիս արեւմուտքին:

Էրդողանի Թուրքիան բոլոր հնարավոր միջոցներով հեռանում է ՆԱՏՕ-ից եւ ուղղություն է վերցրել Ռուսաստանի հետ մերձեցմանը: Դա անվիճելի փաստ է: Սակայն նույն ժամանակ դժվար է կանխատեսել, թե ինչքանով հեռու գնալ է պատրաստ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան տվյալ հարցում:

Ինչ վերաբերվում է Ադերբեջանին, ապա վերջինս արդեն մի քանի տարի է մեծ ծավալներով նոր տիպի հարձակողական զենքեր է ձեռք բերում Ռուսաստանից  եւ ամենայն հավանականությամբ գոհ է իր հյուսիսային հարեւանի որդեգրած քաղաքականությունից դիվերսիաներ եւ լայնածավալ հարձակումներ իրականացնելիս Արցախյան ուղղությամբ,  ինչը վերջնականորեն պարզ դարձավ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին:

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական, քաղաքական ու տնտեսական համագործակցության աճը ուղիղ սպառնալիք է Հայաստանի եւ Վրաստանի ինքնիշխանությանը:  Վերոնշյալ իրադարձությունները մեզ բավարար են հուշելու, որ  նոր մարտավարություն է հարկավոր ընտրել հայ եւ վրաց ժողովուրդների ազգային անվտանգությունը ապահովելու համար, ինչի լավագույն տարբերակն է խորացնել ՆԱՏՕ-ի եւ դաշինքի այլ գործընկեր երկրների հետ փոխգործակցությունը ռազմական ոլորտում: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների առկայությանը, ապա այսօրվա իրականությունից ելնելով տվյալ փաստաթղթերը ոչ մի կերպ չեն գործում եւ Ռուսաստանի շահերը տարածաշրջանում ավելի համընկնում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին, քան Հայաստանի: Սակայն դա չի խանգարում Ռուսաստանին իր ազդեցության լծակները Հայաստանում ավելի ամրապնդելու մտադրություններին, ինչը կտրուկ դեմ է գնում մեր ազգային ու պետական շահերին եւ հաճախ ստիպում ընդունել որոշումներ, որոնք դեմ են մեր ազգային անվտանգությանը:

Այս ամենից ելնելով Հայաստանի մասնակցությունը Վրաստանում տեղի ունեցող զորավարժություններին շատ ճիշտ քաղաքական որոշում է եթե իհարկ է այն չկասեցվի վերոնշյալ խնդիրներից հելնելով: Այս զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը  բոլոր առումներով իր դրական ազդեցությունը կունենա Հայ-Ամերիկյան եւ Հայ-Վրացական հարաբերությունների վրա եւ ինչ խոսք միջազգային հանրության աչքի առաջ կամրապնդի Հայաստանի ինքնիշխան պետություն լինելու վարկանիշը:

Եթե ամեն ինչ ընթանա նման տրամաբանության համաձայն, ապա Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանում կամաց-կամաց ձեռք կբերեն նաեւ անվտանգության բաղադրիչ, ինչը կենսական կարեւորություն ունի տարածաշրջանում հայ եւ վրաց ժողովուրդների գոյատեւման եւ զարգացման համար:

 

Էդուարդ Այվազյան
ՍամցխեՋավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն