Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչմանը արժանի են բազմաթիվ հայ համաքաղաքացիներ

Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչմանը արժանի են բազմաթիվ հայ համաքաղաքացիներ

Այս տարի լրանում է չորրորդ տարին, ինչ Ախալցխայի քաղաքապետարանը հունիսի 30-ին մի քանի ախալցխացիների շնորհում է քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Ցավոք անցած երեք տարիների ընթացքում ոչ մի հայ այդ կոչումին չի արժանացել եւ անգամ թեկնածուների ցուցակում չի հայտնվել, չնայած նրան, որ Ախալցխայում ապրում են հազարավոր հայեր, որոնք 35-40 տոկոս ազգաբնակչություն կազմելուց բացի ունեն անհամեմատ մեծ ներդրում Ախալցխայի զարգացման ու կայացման գործում: Իզուր չէ, որ այսօր աշխարհի ամենահայտնի ախալցխացին դա աշխարհահռչակ Շառլ Ազնավուրն է:

Այդ իսկ պատճառով Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը պաշտոնապես դիմեց Ախալցխայի քաղաքապետին, որպեսզի իր կողմից ձեւավորած խորհուրդը հաշվի առնի տվյալ դիմումի փաստը եւ Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչում շնորհի նաեւ իրենց հայ համաքաղաքացիներին:

Որպես օրինակ, քանի որ ցանկացած նախաձեռնող խումբ ըստ կարգի իրավունք ունի մեկ հոգու ներկայացնելու Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը իր դիմումի մեջ ներկայացրել է Ախալցխայի քաղաքացի Սերոբ Հարությունյանին, ով կազմակերպության կարծիքով արժանի է Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչումին: Դիմումում նշված է, որ կազմակերպությունը պատրաստ է ներկայացնել նաեւ բազմաթիվ այլ հայազգի քաղաքացիների տվյալներ, որոնք նույնպես արժանի են տվյալ կոչումին արժանանալու:

 Մեր ընթերցողին ենք ներկայացնում դիմումի տեքստը.

 Պարոն քաղաքապետ, Ախալցխան դարերով ի վեր հանդիսացել է տարբեր ազգերին եւ կրոնների քաղաք: Ախալցխայի հայ հասարակությունը մշտապես իր ներկայության շնորհիվ բարձրացրել ու գեղեցկացրել է մեր քաղաքի համբավը:

Ախալցխան մշտապես հայտնի է եղել աշխարհին, որպես արհեստների ու արվեստների քաղաք: Այդ համբավին հասնելու շնորհը մեծապես պատկանում է հայ եւ վրաց ժողովրդին՝ մեր համաքաղաքացիներին:

 Արդեն քանի տարի է հունիսի 30-ին, երբ նշվում է մեր քաղաք Ախալցխայի օրը, տոնական միջոցառումների ընթացքում քաղաքի տարբեր քաղաքացիներին շնորհվում է «Պատվավոր Ախալցխացու» կոչում: Ցավոք այս տարիների ընթացքում ոչ մի հայ քաղաքացու չի շնորհվել տվյալ կոչումը Ախալցխայի քաղաքապետարանի կողմից, ինչը ախալցխայի հայերի համար մեղմ ասած անդուր երեւույթ է եւ չի համապատասխանում քաղաքի իրական դեմքին ու մեր ժողովուրդների միջեւ դարերով ձեւավորված եղբայրական հարաբերությունների ոգուն:

Պարոն քաղաքապետ, ուստի այս նամակով դիմում ենք Ձեզ եւ Ձեր կողմից ձեւավորված հանձնախմբին քննարկել մեր հասարակական-լրատվական կազմակերպության դիմումը Ախալցխայի պատվավոր քաղաքացի ընտրելու ժամանակ: