Դիլիսկա գյուղում անցկացվեց շախմատի բաց առաջնություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին

Դիլիսկա գյուղում անցկացվեց շախմատի բաց առաջնություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին

Ապրիլի 29-30-ը Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում անցկացվեց շախմատի բաց առաջնություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին: Մրցաշարն առաջին անգամ անցկացվեց 2015 թ., օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և նախաձեռնությամբ Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, և այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մրցաշարը կրում է «ՄԵՐ ՄԻՏՔՆ ԱՆՊԱՐՏ Է» խորագիրը: Մինչև առաջնության սկսվելը տեղական իշխանությունները, հյուրերը, մարզիչները, մրցաշարի մասնակիցները այցելեցին Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը հանդես եկավ խոսքով, նա իր խոսքում մասնավորապես նշեց, որ “եթե հարյուր տարի աղոթել ենք Եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար, այժմ արդեն խնդրում ենք իրենց բարեխոսությունը մեր անձերի, պետության և համայն ժողովրդի խաղաղության համար:

Դուք մի վախեցեք նրանցից, ովքեր կարող են մարմինը սպանել, այլ վախեցեք նրանցից, ովքեր կարող են սպանել հոգին. Այս ավետարանական խոսքերը հազարամյակներ շարունակ հայ մարդու կյանքի կարգախոսն է եղել, որովհետև անպարտ է Հայոց միտքը, կամքն ու ոգին”-իր խոսքում նշեց Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը:

Ինչպես նաև շնորհակալություն հայտնեց մրցաշարի կազմակերպիչներին, բարերարին և մասնակիցներին,
այնուհետև բոլորով միասին աղոթեցին Ցեղասպանության 1500000 սուրբ նահատակների համար, որից հետո ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին: Ապա գյուղապետարանում մեկնարկեց մրցաշարը: Այն անցկացվեց Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու, գյուղապետ Էդգար Կարախանյանի, Ախալքալաքի շախմատի դպրոցի Դիլիսկայի մասնաճյուղի պատասխանատու՝ Ռազմիկ Գոգորյանի անմիջական աջակցությամբ և ռուսաստանաբնակ Փիլոս Մանուկյանի հովանավորությամբ:

Բացի մրցանակային տեղերից մեդալներով պարգևատրվեցին նաև 4-րդ տեղը զբաղեցրած մարզիկները, իսկ մնացած մասնակիցները ստացան պատվոգրեր և խրախուսական հուշանվերներ։


Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան