Հայտարարություն

Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում
հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին
նվիրված՝ Վրաստանի Հայ Համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական
միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի
դեսպանատան մոտ) կկայանան։

Խոսքի և հավաքների ազատությունը երկրի բոլոր քաղաքացիների Սահմանադրական
իրավունքն է։

«Բոլորը, բացի այն անձանցից, ովքեր մտնում են Ներքին Գործերի նախարարության
կամ Պաշտպանության նախարարության կազմում, իրավունք ունեն առանց նախնական
զգուշացման հավաքվել հրապարակայնորեն և անզեն, ինչպես փակ տարածությունում,
այնպես էլ ցանկացած այլ վայրում», -Վրաստանի Սահմանադրություն, Կետ 25։

Վրաստանում գործող Օրենսդրության համաձայն՝ Վրաստանի Հայ Համայնքը նախօրոք
տեղեկացրել է Թբիլիսիի Քաղաքապետարանին Ցեղասպանության 102-րդ տարելիցին
նվիրված ցույցերի անցկացման տեղի, ժամանակի և ձևաչափի մասին։

Մենք՝ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին ներկայացնող Վրաստանի Հայ
Համայնքը, հուսով ենք, որ Վրաստանը՝ մեր տունը և միաժամանակ Հայաստանի և
հայ ժողովրդի հետ բարիդրացիության և եղբայրության բազմադարյա
ավանդույթներով կապված երկիրը հանդիսանալով՝ չի դառնա աշխարհի այն միակ
պետությունը, որտեղ հայերին արգելված կլինի անցկացնել հրապարակային
հավաքներ՝ նվիրված հայ ժողովրդի Ցեղասպանության տարելիցին։

Վրաստանի Հայ Համայնք