Ախալցխայի հայ հասարակությունը վրդովված է քաղաքապետի Բաքվում տեղի ունեցած հանդիպումից

Ախալցխայի հայ հասարակության մեծամասնությունը վրդովված է Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեյի ապրիլի 6-ին Բաքվում Իլհամ Ալիեւի հետ տեղի ունեցած հանդիպումից: Մարդկանց կարծիքով քաղաքապետը հարգելով իր հայ համաքաղաքացիների ազգային զգացմունքները ոչ միայն չպետք է հանդիպեր Ալիեւին, այլ նաեւ լուսանկարները չպետք է տեղադրեր քաղաքապետարանի facebook-ի պաշտոնական էջում: Առավել ցավալի է այն փաստը, որ տվյալ հանդիպումը տեղի է ունեցել Ղարաբաղյան քառօրյա պատերազմի տարելիցի օրերին, երբ համայն հայությունը եւ այդ թվում ախալցխահայությունը նշում էր անցյալ տարվա զոհերի հիշատակը:

Հայ հասարակության կարծիքն է կիսում նաեւ հայերի բարեկամ Գոչա Գվառամաձեն, ով նախկինում եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր եւ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնակատար: Գոչա Գվառամաձեն Akhaltskha.Net-ի հետ զրույցում ասաց հետեւյալը.

«Ինչ շատ ցավալի է որպես Ախալցխացի: Այդ մարդը պետք է հայերի ցավը հասկանար եւ առաջի պլանով չնկարվեր: Նա պետք է դա հասկանար, սակայն տվյալ արարքով ինքը ապացուցեց, որ ընդհանրապես չի հարգում (ախալցխահայությանը-Akhaltskha.net),- ասում է Գոչա Գվառամաձեն: