Հայկական լավաշին նվիրված տոնահանդես «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում

2017 թվականի ապրիլի 6-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի հանապազօրյա հացի, ի մասնավորի հայկական լավաշի մեծարմանը նվիրված տոնահանդես: Դահլիճը զարդարված էր օրվա խորհրդին համապատասխան: Կազմակերպիչների հարուստ երևակայության արդյունքում տեսանելի էին դարձել հայկական լավաշի պատրաստման բոլոր փուլերը: Ազգային տարազներով զուգված փոքրիկները մեծերի նմանությամբ հմտորեն ցույց էին տալիս լավաշի թխման ողջ ընթացքը, ներկաներին տեղափոխելով տոնահանդեսի խորհրդի մեջ:

Դահլիճում տեղեր էին հոգևոր հայրերը, «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմը, ծնողներ, հյուրեր:

Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության բարեմաղթանքով: Թեմակալ առաջնորդի և քահանաների մասնակցությամբ հիշատակի աղոթք բարձրացվեց վերջերս վախճանված և ժողովրդի կողմից «Հաց բերող» անվանն արժանացած Արթուր Սարգսյանի հոգու խաղաղության համար:

Թեմի կրթության բաժնի տնօրեն և Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը շնորհավորեց ներկաներին առաջիկա Ավետման տոնի կապակցությամբ, անդրադարձ կատարեց հացի կարևորությանը մարդու կյանքում, առանձնահատուկ նշեց հացին տրվող այն ածականները, որոնք ամրագրված են ժողովրդի մեջ և դարեդար փոխանցվում են սերնդե սերունդ: Բանախոսը արժևորեց հայկական լավաշն իր տեսակով ազգի գոյատևման, հայոց մշակույթի ձևավորման գործում, ընդգծեց հայկական լավաշի ներառումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչմշակութային նյութական ժառանգության ցուցակում:

Նախակրթարանի սաները, վարպետորեն ներկայացրեցին հայկական լավաշ հացի փրկարար ուժը պանդխտության ուղին բռնած հայ շինականի համար, ում ճակատագիրը կրկին վերադարձնում է իր հայրենի տունը, որտեղ սիրով ու գորովանքով պատրաստվում է հանապազօրյա հացը: Փոքրիկները հստակ արտասանությամբ, ազգային երգ ու պարով ցուցադրեցին հացին բնութագրող այն ավանդույթներն ու ասացվածքները, որ ուսուցիչներ Եվգենյա Մարկոսյանի, Օքսաննա Շարոյանի, Մետաքսյա Ղազարյանի,Մարի Աբուլյանի և Իվանե Մկրտչյանի ու ծնողների համատեղ ջանքերով սերտել էին իրենք:

Միջոցառումից ստացած իրենց տպավորությունները կիսեցին «Արևիկ» հիմնադրամի նախագահ Էմմա Ախտյանը և Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Էլեոնորա Վարդանյանը:

Միջոցառումը օրհնության և գնահատանքի խոսքով ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը կարևորեց հացի մեծարման նշանակությունը փոքրիկների համար, քանզի այս միջոցառումը կդառնա վառ հիշողություն, իսկ սերտած ավանդույթները՝ նրանց կյանքի ուղեկիցը: Սրբազանը հայրը նշեց հացի տեղը Հայ Եկեղեցու աստվածպաշտական արարողություններում և խորհուրդներում, հացով ապրելու, հացով մարդուն ճանաչելու, հացը արդարությանը հավասարեցնելու և հացով երդվելու ժողովրդական մեծարումը: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց նախակրթարանի տնօրենի և մանկավարժների աշխատանքը հանդեսի բովանդակությանը համահունչ դահլիճի գեղեցիկ ու ճաշակով ձևավորման համար:

Հացի մեծարումը դարձավ դաստիարակչական և ճանաչողական մեծ նշանակություն ունեցող գեղեցիկ միջոցառում:

Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրություն