«Վարդան Գրիգորյան» վավերագրական ֆիլմի ցուցադրություն

2017 թվականի մարտի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Հայ երախտավորները» շարքից «Վարդան Գրիգորյան՝ ճանաչված պատմաբան-հայագետ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է վաստակաշատ գիտնականի, ազնիվ քաղաքացու գիտական, հրապարակախոսական ու քաղաքացիական գործունեությանը, նրա կյանքի անցած ուղուն:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին հատուկ այս առիթով Երևանից ժամանած ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Լաուրա Մինասյանը, նկարահանող և հնչյունային ռեժիսոր, օպերատոր Կարեն Խառատյանը, նկարահանող խմբի անդամներ Լիլիթ Խառատյանը և Մարի Մարգարյանը, ինչպես նաև գիտնականի որդին՝ Աջարիայում,Գուրիայում և Իմերեթիայում նախկին ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևորաց դասը, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ֆիլմին ուղեկցող բովանդակալից խոսքը, ռեժիսորական վարպետ աշխատանքը, Վարդան Գրիգորյանի գիտական գործունեության, ընկերական հարաբերությունների ու ընտանեկան միջավայրի գեղեցիկ համադրությունը ֆիլմը դարձրել էին հետաքրքիր, դինամիկ ներկայացնելով ճանաչված գիտնական Վարդան Գրիգորյանի հիրավի արժանի կերպարը: Այն գիտնականի, ով չնայած պատկառելի տարիքին, այսօր էլ շարունակում է մեծ աշխատասիրությամբ ու եռանդով, չխամրող հիշողությամբ պեղել ձեռագրերն ու մատենագրությունները, վերծանել պատմության փակ էջերը:

Կինոնկարի ընթացքում ճանաչված գիտնականի մասին պատմում են նրա գործընկերներն ու ազգականները, ճանաչողներն ու զավակները: Ֆիլմը համեմված է ընտանեկան արխիվից ստացված կինո և ֆոտո նյութերով:

Վավերագրական ֆիլմում ներկայացված են նրա գիտական աշխատությունները, որոնք վերաբերում են հայոց պատմությանը, հայ գաղթավայրերին: Իր կյանքի հախուռն տարիներին Վարդան Գրիգորյանը կազմակերպել է տարբեր վայրերի հայկական ձեռագրերի, հնատիպ գրքերի ու փաստաթղթերի հավաքման ու Մատենադարան փոխադրման գործը: Ամենուրեք բարձրաձայնել Արցախի և Արցախյան պատերազմի ճշմարտությունը, վերհանել տարբեր ազգերի անձանց հայանպաստ գործունեությունը:

Ֆիլմի ավարտին Արամ Գրիգորյանը որդիական սիրով շնորհակալության խոսք ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդին և «Հայարտուն» կենտրոնին՝ ֆիլմի ցուցադրության համար և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու գրադարանին նվիրեց գրքեր ինչպես հոր գրադարանից, այնպես Վարդան Գրիգորյան գիտնականի աշխատություններից:

Օրհնության և գնահատանքի խոսքով միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը հիշեց դրվագներ մեծ գիտնականի հետ ծանոթության 30 տարիներից: Սրբազան Հայրը արժևորեց Մատենադարանի և այնտեղ աշխատող բոլոր գիտնականների վաստակը հայոց պատմության անջնջելի վկայությունները ուսումնասիրելու և սրբությամբ պահելու գործում:

Հիրավի մեծ գիտնականին նվիրված ֆիլմը նրա գործունեության արժանի վավերագրությունն էր:

Աղբյուր՝ armenianchurch.ge