Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը պայմանավորվել են նոր լիցք տալ համագործակցությանը

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը պայմանավորվել են նոր լիցք տալ համագործակցության բոլոր ուղղություններին: Այդ մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Խոսել ենք տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցման մասին, եւ վստահ եմ, որ այստեղ մենք ունենք մեծ ներուժ: Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի երկիր, որտեղ կարող են ներդրում կատարել եւ հյուրընկալվել որպես զբոսաշրջիկ: Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել ենք այդ ուղղությամբ առաջ շարժվել: Ավելին, մեր գործընկերներն ունեն հստակ հանձնարարականներ՝ կազմակերպել «բաց օր» Վրաստանի այն բոլոր բիզնեսմենների համար, ովքեր ունեն հայկական եւ հարակից շուկաներում գործելու հետաքրքրություն: Օգտվելով առիթից, կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել եւ պատիվ ունեմ պաշտոնական այցով իմ գործընկերոջը հրավիրել Երեւան՝ իրեն հարմար ժամանակ, որպեսզի այն նոր ներուժը, որն այսօր դրվում է մեր հարաբերությունների հիմքում՝ կարողանանք զարգացնել: Համոզված եմ, որ ունենք շատ հետաքրքիր հնարավորություններ»,- նշել է Կարապետյանը:

Աղբյուր՝ news.am