«Ես ներկա եմ… ինձ բացակա չնշանակեք»

2017 թվականի փետրվարի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում կայացավ «Ես ներկա եմ… » խորհրդավոր վերնագրով միջոցառում: Այն նվիրված էր վաղամեռիկ Անահիտ Բոստանջյանի հիշատակին:

Լեփ-լեցուն էր դահլիճը: Հուզառատ էր միջոցառումը: Կարոտի խոր զգացումով թբիլիսահայությունը եկել էր առնչվելու տաղանդաշատ բանաստեղծ-թարգմանչի, վարպետ լրագրողի և գրական ու հասարակական ակտիվ գործչի «կենդանի ներկայությանը»… Տակավին 40 օր առաջ Անահիտն իր մշտական տեղն ուներ դահլիճի պատվավոր առաջին շարքում… իսկ այսօր արցունքախառն աչքերով այն զբաղեցրել էին նրա ընտանիքի անդամները՝ դուստրերը, փեսաները,թոռները,հարազատները.. Հիշատակի միջոցառմանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: Բացման խոսքից հետո դահլիճում վերստին տարածվեց Անահիտի կյանքով առլեցուն, համարձակ և բովանդակալից խոսքով հագեցած ձայնը… բայց ավաղ ոչ կենդանի: Ցուցադրված տեսաֆիլմը ներկաներին տեղափոխեց այն երանելի օրերը, երբ անվանի բանաստեղծուհին իր գեղեցիկ հայերենով խոսում էր հայրենիքի, ազգի, սիրո և բարեկամության, արդարության և բարու հաղթանակի, երազանքի ու հավատքի վսեմ գաղափարների շուրջը, իր խելամիտ ելույթներով կրկին ու կրկին հարստացնում, հետաքրքիր ու բովանդակալից դարձնում կյանքի առօրյան:

Բեղուն էր Անահիտ Բոստանջյանի գրիչը, բազմաբնույթ գրելաոճը. արձակ, չափածո, հոդված, էսսե, իմաստալից ասույթներ, անմոռանալի քառյակներ. պարզապես մտորում, հոգու խռովք, արձագանք բարուն, գեղեցիկին, անարգանք՝ ստին, անարդարությանը…

Ու ահա դահլիճում հնչեցին նմուշներ Անահիտ Բոստանջյանի պոեզիայից՝ Լևոն Չիդիլյանի, Լիզա Թորոսյանի, Մարիամ
Բադալյանի, Դիմիտրի Մկրտչյանի ընթերցմամբ, նրա ստեղծագործությունների ռուսերեն, վրացերեն թարգմանությունները՝ Արտեմ Կիրակոզովի, Գարի Ղալամքարովի, Միխայիլ Անանովի, Մարինա Կիրակոսյան-Մոսեսովայի թարգմանությամբ, նրա բանաստեղծություններով երգերը՝ Աննա Բադալյանի, Անի Հովհաննիսյանի, Անի Թորոսյանի, Հենրիխ Պետրոսյանի, «Ներսես Շնորհալի» երգչախմբի կատարմամբ երաժիշտ Անրի Մերաբովի, դաշնակահար Կարեն Միրզոյանի, դուդուկահար Իվանե Մկրտչյանի, դհոլահար Ռոբերտ Կաշավանիձեի նվագակցությամբ և Մարի Աբուլյանի խմբավարությամբ:

Միջոցառումն ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության խոսքով: Անահիտն իր ստեղծագործություններով, իր թարգմանություններով, իր լրագրողական աշխատանքով պատկանում էր երկու ազգերին, անսահմանորեն սիրում էր Հայ
աստանն ու Վրաստանը, ձգտում էր հավասարակշռել նրանց բարեկամությունը, ստեղծագործական կապերը: Սրբազան հայրը կարևորեց Անահիտ Բոստանջյանի անժամանակ կորստին հետևած այն արձագանքը, որն իր մեջ ներառնում էր Վրաստանի և Հայաստանի գրական աշխարհում ապրած ցավը: Անահիտը միայն ներկայով ապրող բանաստեղծ չէր, այլ ապագայի, գալիք սերնդի մասին հոգացող գործիչ, նա իր շուրջն էր համախմբել երիտասարդ գրչակիցներին, ուղղորդում էր նրանց դեպի ճշմարտացի գրականությունը, իսկական ստեղծագործական կյանքը: Վազգեն Սրբազանը հորդորեց Բոստանջյան ընտանիքի դուստրերին ընդգրկվել Անահիտ Բոստանջյանի ստեղծագործական և հասարակական, հրատարակչական և թարգմանական կյանքի հորձանուտի մեջ և շարունակել նրա գործը, ի մասնավորի «Կամուրջ» տարեգրքի հրատարակությունը և նույնանուն կազմակերպության գործունեությունը:

Հիշատակի միջոցառումը դարձավ հիրավի Անահիտ Բոստանջյանի երկնային ներկայությամբ նրա հախուռն կյանքի հետ առնչվելու սրտառուչ միջոց:

Աղբյուր՝ armenianchurch.ge