Ծնունդով Ջավախքից երկու պատգամավորները ՀՀԿ-ի համամասնական ցուցակում են

Ջավախքցի պատգամավորներ Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում են:

Իրենց՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ՀՀԿ-ի համամասնական ցուցակում լինելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին պատգամավորները:

«Ես ՀՀԿ-ի համամասնական ցուցակում եմ, հորիզոնականի, այլ մանրամասների, այդ թվում նաև՝ առաջիկա անելիքների մասին կխոսեմ փետրվարի 16-ից հետո»,-ասաց Տաճատ Վարդապետյանը:

Շիրակ Թորոսյանը ևս խոստացավ անելիքներից խոսել ավելի ուշ. «Կարող եմ ասել, որ ընդգրկվել եմ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում»:

Tert.am-ի տեղեկություններով՝ պատգամավորներն անցողիկ հորիզոնականներում են:

Նշենք, որ Տաճատ Վարդապետյանը 2007-2012թթ. եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):  2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից:  2012 թվականի հունիսի 22-ից ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է: «Հանրապետական» խմբակցության անդամ է, անկուսակցական:

Շիրակ Թորոսյանը 2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր է եղել ՀՀԿ-ի համամասնական ընտրակարգով և այդ տարիների ընթացքում եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ ՀՀԿ-ից: