ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում Վրաստանի համար վիզաների չեղարկումը

Մոսկվան չի բացառում Վրաստանի հետ վիզային ռեժիմի հետագա դյուրացումը կամ նույնիսկ չեղարկումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունից:

Չորեքշաբթի ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ երեքշաբթի Պրահայում հանդիպել են ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

«Կողմերը գոհունակություն են հայտնել հումանիտար փոխանակության եւ մարդկանց միջեւ շփումների աճող ինտենսիվության համար: Վրաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման շնորհիվ, որը ռուսական կողմն իրականացնում է 2015-ի վերջից, Թբիլիսիում Ռուսաստանի շահերի սեկցիայի տրամադրած վիզաների քանակը կրկնապատկվել է եւ հասել 40 հազարի: Կարասինը հաստատել է վիզային ռեժիմի հետագա դյուրացման կարգավորումը՝ չբացառելով հետագայում նաեւ չեղարկումը: Դա կախված է նաեւ այս ուղղությամբ պատասխանատու աշխատանքին Վրաստանի իշխանությունների պատրաստ լինելուց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝news.am