Մինաս Գրիգորենց. Հայրենասեր են այն մարդիկ, ովքեր նախ և առաջ մարդասեր են, ընկերասեր

Mediaanalytic.org-ի հարցերին է պատասխանում  Ախալցխայի շրջանի Խաշուտ գյուղի արժանապատիվ զավակ, գրող, բանաստեղծ Մինաս Գրիգորենցը:

Պրն. Գրիգորենց, դուք բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ եք, ԱՄՆ-ի հայ գրողների միության անդամ եք: Մի փոքր պատմեք մեր ընթերցողներին, թե ինչպես սկսվեց ձեր գործունեությունը այս ասպարեզում:

-Գրել սկսել եմ բավականին շուտ՝ երիտասարդ տարիքում: Ցավոք սրտի ամբողջությամբ կորցրել եմ այն ժամանակվա ապրումների արդյունքում ծնված գործերս,  որը բավականին մեծ կորուստ եմ համարում: Ինչպես ասում են երկրորդ շունչ բացվեց ծննդավայր վերադառնալուց անմիջապես հետո՝ 2008 թվականին, երբ ծննդավայրիս նվիրված կայքում գրեցի հարազատ գյուղիս նվիրված ֊ «Իմ բնօրրան Խաշուտ» բանաստեղծությունը:

Պրն. Գրիգորենց ձեր բանաստեղծությունները, որոնք վերաբերվում են կյանքի բոլոր բնագավառներին, ընթերցողի հոգու զգայարանների վրա բավականին մեծ դրական ազդեցություն են գործում: Ի՞նչ եք զգում դուք այդ բանաստեղծությունները գրելիս:

-Բանաստեղծություններ գրելուց նախապես ոչինչ չեմ զգում, այսինքն ոչինչ չեմ պլանավորում, զգում եմ ինչ որ ծանրության ներկայություն հոգուս մեջ… հետո ծնվում է առաջին բառը, երկրորդը, երրորդը ու դառնում է տող, հետո տողեր, քառյակներ…վերջում կարդալով նոր եմ զգում, թե ինչ է ծնվել: Հազվադեպ է պատահում, երբ մշակման կարիք ունի ծնված գործը:

Ինչպես բազմաթիվ բանաստեղծներ, այնպես էլ երեւի դուք հոգու խորքում ունեք ինչ որ մեծ երազանք, կամ դեռեւս կյանքի չկոչված ծրագրեր: Եթե կարելի է մի փոքր կիսվեք դրանցով մեր ընթերցողների հետ:

-Իհարկե ունեմ ծրագրեր…այն էլ ինչպիսի~ք, նախ և առաջ հնարավորինս օգնության ձեռք մեկնել ինձանից ավելի թույլին, զարգացնել հայ և վրաց հրաշալի ժողովուրդների բարեկամությունը, հավաքել ազգային սովորույթների անփոխարինելի գեղեցիկ ավանդույթները, հուսով եմ կստանամ նաև ձեր աջակցությունը այս գործում:

Ձեր բանաստեղծություններում բավականին մեծ տեղ է հատկացված ազգային արժեքներին եւ հայրենասիրությանը: Այնուամենայնիվ կուզենայի հարցնել,  ի՞նչ է ձեր համար հայրենասիրությունը եւ ինչպե ՞ս այս վեհ զգացմունքը ճիշտ ու ավելի արդյունավետ փոխանցել այսօրվա երիտասարդներին:

-Հայրենասիրությունը պետք է մարդուն փոխանցվի դարերից եկած ազգային դաստիարակությանբ, իսկ կոնկրետ այս դեպքում, ընտանիքից ու միջավայրից ստանալով: Հայրենասեր են այն մարդիկ, ովքեր նախ և առաջ մարդասեր են, ընկերասեր, ինչպես նաև բնության ու շրջակա միջավայրի նկատմամբ ունեցած մեծ սերն է ծնում հայրենասիրություն:

Մեր ընթերցողներին ենք ներկայացնում Մինաս Գրիգորենցի բազմաթիվ բանաստեղծություններից մեկը: Գրողի մնացած բանաստեղծություններին կարող եք ծանոթանալ Մինաս Գրիգորյանի facebook–ի էջում:

Մենության մեջ ու խավարում 
Բնօրրանս` կարծես խռով
Դարձել է հաց առանց աղի
Փողոցները ` առանց մանուկ
Խեղճ ծերերը` առանց հույսի
Ալպիական այս հանդերը`առանց հանդվոր,
Յայլաները` առանց յայլվոր,
Ծխնելույզներ` առանց ծխի 
Ու օջախներ` առանց կրակ
Շուրջբոլորը փակված տներ`
Վեհ, հոյակերտ, հպարտ, մաքուր
Բայց դե կարոտ դուռը բացող 
Մի պարզ ձեռքի, մանկան ճչի:
Կար ժամանակ, երբ այս գյուղում
Կար հարսանիք,կնունք, ծնունդ
Պարզ մարդկային աչքալուսանք,
Ամանորյա շնորհավորանք ու հարևան
Մարդկանց հավաք.ծուխ կար ելնող օջախներից,
ՈՒ ծխի հետ քաղցր բուրմունք
Չարաճճի մանուկների ծիծաղ ու լաց
Տարեցների խորհուրդ, խրատ
Գյուղին վայել առավոտվա բարի
Զարթոնք` պարզ աղմուկով
Ոչխարների ու կովերի անմեղ բառաչ,
Աքլորների զնգուն կանչով բարի արև,
ՈՒ արևի բարի լույսով վարած հողի քուլաքուլա
Անուշ բուրմունք վեհ անվերջ,անհագ:
Իսկ թե հիմա ինչ է դարձել,
Մեղա, մեղա. դռները` փակ
Առանց տիրոջ ու խռոված
Եկեղեցին այցվոր չունի, քանզի 
Այցվորն այցելելու էլ ուժ չունի
Հսկա շենքն էլ այս դպրոցի մնացել է առանց սանի
Մանկավարժն էլ, խեղճ ու մոլոր, ում խրատի
Քանզի ինքը խրատվելու ու մարդկային 
Պարզ խոսքերի կարիք ունի
Այս մեկն էլ տես ձմռան ցրտին 
Մի դույլ ջրի կարիք ունի
Իսկ թե նրա որդին որտեղ, ինչ է անում,
Ում ջրաղացին է ջուր լցնում:
Ահա նորից այս ուշ ժամին եկեղեցու
Զանգը հնչեց, այն ծեր կինն էր
Մեղա քեզ, տեր
Թող այս մեկն էլ քո գթությամբ 
Դասավորվի քո աջ կողմում
Քանզի խեղճ էր ու մոռացված, բայց թե խաչն իր`
Մարդավայել ու անխռով մինչ վերջ կրած
Թող չար լեզուս քարին կպչի,
Գյուղս կյանքի գիր է դառնում ,
Իսկ վեհ գործը պահապանի 
Այս սուրբ խաչին արժանանում:

Մ. Գրիգորյան