Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին Եվրոմիության կողմից վիզային ռեժիմի չեղարկման կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին փետրվարի 2-ին Բրյուսելում Եվրոմիության կողմից ընդունված որոշման կապակցությամբ: Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչությունը շնորհակալ է Եվրոմիությանը վիզայի չեղարկման հարցում Վրաստանին աջակցելու համար: Այս պատմական օրվան Վրաստանում սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց երկրի ապագան տեսնում են ժողովրդավարական ամուր արժեքների վրա կառուցված Եվրոմիության հետ:

Վիզաների չեղարկումը Եվրոմիության կողմից, դա ոչ միայն իրավունք է, այլ նաեւ մեծ պարտավորություն երկիրը ժողովրդավարական ուղիով տանելու համար, ուր կհարգվեն մարդու կրոնական եւ ազգային բոլոր իրավունքները: Եւ այս առումով մեծ աշխատանք կա իրականացնելու հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում, ուր տեղի հայկական կազմակերպությունները մշտապես բարձրաձայնում են բազմաթիվ խնդիրների մասին:

Այս տեսանկյունից Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության մեծամասնությունը աջակցում է Վրաստանի իշխանություններին եվրոինտեգրման հարցում, նույն ժամանակ ցանկանալով տեսնել լավ հարաբերություններ Վրաստանի հյուսիսային հարեւանի հետ:

Վրաստանի համար վիզաների չեղարկման եւ Եվրոմիության հետ նոր կարգի հարաբերությունների հաստատման պարագայում մեր ժողովուրդը հույս ունի, որ մոտ ապագայում կլուծվեն Սամցխե-Ջավախքի հայության լեզվական, կրթական, կրոնական ու այլ տեսակի բոլոր խնդիրները եւ երկիրը կդառնա ավելի զարգացած, ամուր ու ժողովրդավարական:

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն