Արցախում սննդային թունավորման ախտանշաններով բուժհաստատություններ են դիմել 19 անչափահասներ
		07.12.2022 . Արցախ


Այսօր ժամը 13:50-ից սկսած Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:

Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է ստանալ բժշկական օգնություն հիվանդանոցային պայմաններում:

Դեպքի մասին հաղորդվել է նաև ԱՀ դատախազությանն ու ներքին գործերի նախարարության ոստիկանությանը: Այս պահին իրավապահ մարմինների կողմից ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:

Ներկա պահին ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը գտնվում է «Արևիկ» բուժմիավորումում։
 
Ժամը 21-00 դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում բուժում է ստանում 4 երեխա, որոնց վիճակը բժիշկները գնահատում են բավարար։