Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի

Հռոմում Օմանի դեսպանատանը տեղի են ունեցել միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակությունների անուղղակի բանակցությունները: Իրանական թիմը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը:
Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը հայտնել է, որ կողմերը փոխըմբռնման են հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ, ապրիլի 23-ից Օմանում կմեկնարկեն տեխնիկական խմբերի բանակցությունները, ինչից հետո կշարունակվի Թեհրանի և Վաշինգտոնի թիմերի միջև քննարկումների երրորդ փուլը:
«Այսօրվա հանդիպումը կառուցողական էր և արդյունավետ, առաջընթաց է գրանցվում», — նշել է Աբբաս Արաղչին:
Բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել Օմանում, կողմերն ընդգծել էին երկխոսության և դիվանագիտության կարևորությունը: Այնուհանդերձ, ԱՄՆ նախագահը չի բացառել, որ գործարքի ձախողման դեպքում Իրանի դեմ կարող են ռազմական գործողություններ ձեռնարկվել: