Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ, ընդունեց սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները: Դեմ է քվեարկել երեք պատգամավոր, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:
Քվեարկությանն այս անգամ ևս չի մասնակցել «Ազգային շարժումը», երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկա չէր «Եվրոպական Վրաստանը», որը սահմանդրական փոփոխություններին աջակցել էր առաջին ընթերցմամբ:
Սահմանադրական նախագիծը հաշվի առնելով, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով – խորհրդարանում կընտրվի 120 անդամ համամասնական և 30 անդամ՝ մեծամասնական ընտրական համակարգով:
Փոփոխություններով սահմանվելու է, որ համամասնական ընտրությունները կանցկացվեն մեկ տոկոս ընտրական պատնեշի պայմաններում:
Օրինագծով սահմանվել է նաև այն, որ մինչև 2024 թվականը, արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում, կգործի ներկայացված սահմանադրական օրինագծով սահմանված ժամանակավոր ընտրական համակարգը: