Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի պատճառն անփութությունն է. Իրանի ՆԳՆ

Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի պատճառն անփութությունն է. Իրանի ՆԳՆ


Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդեր Մոամենին հայտարարել է, որ Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի առևտրային նավահանգստում տեղի ունեցած պայթյունն անփութության հետևանք է՝ նավահանգստում անվտանգության միջոցառումներին չհետևելն ու նյութերի պահեստավորման կանոնների խախտումը, մեղավորները արդեն հայտնաբերվել են, հաղորդում է Tasnim-ը։

Ապրիլի 26-ին նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր սկսվել։ Ինչպես հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, պայթյունից լրջորեն վնասվել է նավահանգստի շենքերի մեծ մասը, ինչպես նաև մեքենաներ։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 46 մարդ, վիրավորվել է ավելի քան 1200-ը։

The New York Times-ը հաղորդել էր, որ իրանական նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել հրթիռային վառելիքի հումքի պատճառով։ Սակայն Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային հերքել է պայթյունի և երկրի պաշտպանական հատվածի միջև ցանկացած կապ։

Իրանի Կարմիր մահիկի ընկերության վերջին տվյալների համաձայն՝ հրդեհը մարվել է 90%-ով, և Շահիդ Ռաջայիի չվնասված հատվածներում վերսկսվել է նավահանգստային գործունեությունը։

Շահիդ Ռաջայի նավահանգիստը գտնվում է Իրանի Բանդար Աբբաս քաղաքից 23 կմ արևմուտք՝ Պարսից ծոցի ափին։ Այն համարվում է Իրանի ամենամեծ կոնտեյներային հանգույցը և մշակում է երկրի կոնտեյներային բեռների մեծ մասը։