Լոնդոնը պատրաստ է «տարիներ շարունակ» խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. The Times

Հազարավոր բրիտանացի խաղաղապահներ կարող են տեղակայվել Ուկրաինայում «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», որպեսզի պաշտպանեն այդ երկիրը Ռուսաստանի հետագա ներխուժումից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պատրաստ է ստանձնել նման պարտավորություններ, գրում է բրիտանական The Times թերթը:
Պարբերականի տվյալներով՝ արդեն մարտի 20-ին Լոնդոնում կկայանա «ցանկացողների կոալիցիայի» երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում «մանրակրկիտ» կքննարկվեն Ուկրաինայում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման մանրամասները՝ ՌԴ-ի հետ հրադադարի մասին համաձայնության հասնելու դեպքում:
Լոնդոնի կազմակերպած «ցանկացողների կոալիցիայի» առցանց գագաթնաժողովից հետո Ուկրաինայում զորքեր տեղակայելու շուրջ բանակցություններ է վարում 5 երկիր, գրում է The Times-ը: Դրանց թվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Կանադան և Ավստրալիան։ Ենթադրվում է, որ Ուկրաինա կուղարկվի մինչև 30 հազար զինվորական, իսկ կոալիցիայի մյուս երկրները կօգնեն «զենքի և լոգիստիկայի հարցում»:
Սթարմերը, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե արդյոք խաղաղապահները լիազորված կլինեն կրակ բացել Ռուսաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքում։ Հնարավոր է, որ «մարտական գործողությունների վարման կանոնները» դառնան կոալիցիայի շրջանակներում առաջիկա քննարկումների թեման, գրում է բրիտանական թերթը:
Միաժամանակ Գերմանիան թարմացրել է Ուկրաինային փոխանցված սպառազինությունների ցանկը՝ ներառելով 24 MRAP զրահամեքենա, IRIS-T SLM համակարգի հրթիռներ, 50 Vector հետախուզական անօդաչու թռչող սարք և այլ զինատեսակներ։ Ուկրաինային զենքի մատակարարման ծավալով Գերմանիան երկրորդ պետությունն է՝ ԱՄՆ-ից հետո: