Իրանում որոշել են վերացնել բարքերի ոստիկանությունը

Իրանի իշխանությունները կվերացնեն հիջաբ կրելու նկատմամբ վերահսկողություն իրականացնող բարքերի ոստիկանությունը՝ նոր օրենքի շրջանակներում, հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X սոցիալական ցանցում: Նա նշել է, որ հիջաբ կրելը կկարգավորվի ուրիշ օրենքով։
2022 թվականի սեպտեմբերին Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ կապված ոստիկանական բաժանմունքում 22-ամյա Մահսա Ամինի մահվան հետ։ Նրան ձերբակալել էին բարքերի ոստիկանության ուժայինները՝ հիջաբը սխալ կրելու համար։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է 551 մարդ, այդ թվում՝ առնվազն 49 կին և 68 երեխա, սպանվել է նաև անվտանգության ուժերի մոտ 54 աշխատակից, շատերը վիրավորվել են։
Այդ ժամանակ Իրանի ներկա նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը փոխարինել է ավիավթարի հետևանքով մահացած Էբրահիմ Ռայիսիին, անընդունելի է համարել, որ «Իսլամական Հանրապետությունում աղջկան ձերբակալում են հիջաբի պատճառով, իսկ հետո նրա դիակը հանձնում հարազատներին» և պահանջել է թափանցիկ հետաքննություն։ Իսկ 2024 թվականի սեպտեմբերին խոստացել է կանանց «չանհանգստացնել» հիջաբի հարցով։