Բաց կոյուղատար Ռաբաթի բերդի մոտակա տարածքում — Ախալցխա

Բաց կոյուղու հետ կապված իրավիճակը, որի մնացորդները դուրս են գալիս Ախալցխայի Խարիսչիրաշվիլի փողոցում, 7 տարի շարունակ մնում է չլուծված խնդիր։
Կեղտոտված ջուրը և կոյուղաջրերի մնացորդները կուտակվում են ճահճային տարածքում և լցվում Փոցխով գետը: Այս տարածքի անմիջական հարևանությամբ՝ բառացիորեն 15-20 մետր հեռավորության վրա, ապրում է մոտ տասը ընտանիք։ Բնակիչները դժգոհում են տհաճ հոտից, ինչպես նաև միջատների ու սողունների թվի աճից։
Մեր խմբագրական թիմը այս խնդրին հետևում է 2021 թվականից։ Շուրջ հինգ տարի պատասխանատու կառույցների ներկայացուցիչները հակասական մեկնաբանություններ են տալիս և չեն կարողանում կոնկրետ լուծում առաջարկել։
Ինչ ենք պարզել մինչ օրս. «Միացյալ ջրամատակարարում» ընկերությունը չորս օր սպասելուց հետո հայտարարեց, որ Ռաբաթի տարածքում կոյուղու ցանցն իրենց ենթակայության տակ չէ և խորհուրդ տվեց դիմել քաղաքապետարանին։
Մենք կապվել ենք նաև Ախալցխայի քաղաքապետարանի հետ և ուրբաթ օրվանից ակնկալում ենք պատասխան։ Դեռևս չի հաջողվել պարզել՝ նախկինում աշխատանքներ տարվե՞լ են խողովակաշարի վերականգնման ուղղությամբ, թե՞ նախատեսվում է տարածքը կարգի բերել։
Ո՞վ է պատասխանատու խնդրի լուծման համար և ինչո՞ւ այն դեռ չի լուծվել։ Ըստ տեղական ինքնակառավարման մասնագետ Մագդա Պոպիաշվիլիի, պատճառը կառավարման ոչ արդյունավետ համակարգի մեջ է։ Ներկայումս քաղաքապետարանների որոշ թաղամասեր և գյուղեր սպասարկվում են «Ջրամատակարարման ընկերության» կողմից, իսկ որոշները՝ տեղական իշխանությունների կողմից։
Պոպիաշվիլին կարծում է, որ այս պրակտիկան պետք է փոխվի. ջրամատակարարման և կոյուղու կառավարման լիազորությունները պետք է ամբողջությամբ փոխանցվեն քաղաքապետարաններին: Ախալցխայի քաղաքապետարանի 2025 թվականի բյուջեով ավելի քան կես միլիոն լարի է նախատեսված ջրամատակարարման և կոյուղու ցանցերի վերականգնման համար, իսկ մինչև 900 հազար լարի հատկացվել է «Ախալցխայի քաղաքապետարանի ջրամատակարարում և կոյուղի» ընկերությանը։