Սամվել Մանուկյանը և Սմբատ Կյուրեղյանն ընտրվել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր. էդուարդ Այվազյան

Վրաստանում ամփոփում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Երկրում ընտրել են 10-րդ գումարման խորհրդարանը:

ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն ասաց, որ արդեն որոշակիորեն պարզ է, թե որ ուժերից է կազմված լինելու հաջորդ գումարման խորհրդարանը։

«Իշխող «Վրացական երազանքը» հավաքել է 48 տոկոսից մի փոքր ավելի ձայն, երկրորդը Միխեիլ Սահակաշվիլու ուժն է, որը հավաքել է մոտ 26տոկոս, երրորդը «Եվրոպական Վրաստանն է»։ Սա նոր ուժ է, որն առանձնացել էր Սահակաշվիլու կուսակցությունից։ Խորհրդարանում հայտնվելու մեծ շանսեր ունի «Հայրենասերների դաշինքը», որը հակաթուրքական, պրոռուսական ուժ է և միշտ արտահայտվում է, որ Վրաստանում բավականին մեծ է թուրքական էքսպանսիան: Կան ևս մի քանի կուսակցություն, որոնք հաղթահարել են 1 տոկոսի շեմը և կմտնեն խորհրդարան։ Կարծում եմ այս անգամ ձևավորվելիք կառավարությունը կոալիցիոն է լինելու»։

Ինչ վերաբերում է հայազգի պատգամավերներին, ապա նրանից մեկը Սամվել Մանուկյանն է Ախալքալաքից, որը նախնական տվյալներով անցնում է խորհրդարան, երկրոդ հայազգի պատգամավորը կլինի Սմբատ Կյուրեղյանը, որը Նինոծմինդայից է։ Նա խորհրդարան է անցնում «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով։ Նախկինում Կյուրեղյանը եղել է Նինոծմիդայի ավագանու ղեկավար։