Մեր թշնամիները կարող են Ջավախքում ջուր պղտորել և այդ ջրում ձուկ որսալ. սա ռազմավարական և ռիսկային տարածք է

1in.am-«Հիմա իրավիճակն  այնտեղ  համեմատաբար կայուն է, վերահսկելի, Վրաստանի իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և դա շատ լավ է:

Խիստ անցանկալի և ողբերգական դեպքեր այնտեղ այս օրերին տեղի ունեցան և այդ կապակցությամբ ես, որպես նաև «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, կոչ եմ հղել իմ ջավախքցի հայրենակիցներին՝ չգնալ իրավիճակի լարման՝ կարևորելով Ջավախքի առանձնահատկությունը: Սա շատ առանձնահատուկ տարածաշրջան  և ռիսկային գոտի է, որովհետև այնտեղ աշխարհաքաղաքական տարբեր շահեր են բախվում և իրավիճակի ցանկացած լարում, ցանկացած միջադեպ կարող է ուրախացնել մեր թշնամիներին. վերջիններս  կարող են նաև նպաստել այնտեղ անկայունության խորացմանը և  փորձեն օգտվել առիթից՝ այսպես ասած՝ ջուր պղտորեն  և այդ ջրում ձուկ որսան: Ես սա շատ վտանգավոր և Ջավախքում անթույլատրելի միտում եմ համարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Ջավախքում տեղի ունեցած իրադարձություններին:

Թորոսյանի խոսքերով՝ Ջավախքը ռազմավարական նշանակության տարածք է, որտեղով անցնում է Թուրքիա-Ադրբեջան ճանապարհը և սա հայաբնակ այն տարածքն է, որը լուրջ խոչընդոտ է թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունների համար, ինչպես նաև՝ Ջավախքը հենարան է Վրաստանի ու Հայաստանի համար, հայ-վրացական բարեկամությունը կամրջող  կարևորագույն օղակն ու տարածաշրջանային մարտահրավերների դեմ պայքարելու հայ-վրացական միասնականության գրավականն է:

«Հետևաբար այս պարագայում՝ այնտեղ ցանկացած լարում, այս մասշտաբների միջադեպ՝ օտարների ջրաղացին ջուր լցնելու գործողություն է նշանակում»,-հավելեց պատգամավորը: