Բացի 4 ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցումը Վրաստանի կառավարությունը նաև այլ աջակցության ծրագրեր է մշակել․ Էդուարդ Այվազյան

Վրաստանի կառավարությունը նախատեսում է փոխհատուցել աշնան վերջին և ձմեռվա 3 ամիսների կոմունալ ծախսերը, ընդհանուր առմամբ պետությունը կփոխհատուցի բոլոր քաղաքացիների 4 ամսվա կոմունալ ծախսերը։ Սակայն կան բացառություններ։
ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն ասաց, որ պետությունը փոխհատուցելու է էլեկտրաէներգիայի գումարը, եթե ընտանիքի ծախսը չի գերազանցում 200 կվտ-ը, իսկ բնական գազինը 200 խմ-ն։ Եթե ծախսերը գերազանցում այդ ցուցանիշները, ապա ընտանիքը փոխհատուցում չի ստանա։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ սա աջակցության միակ ծրագիրը չէ։ «Վրաստանի իշխանությունները նաև այլ ծրագիր են մշակել, մասնավորապես, մինչև 18 տարեկան դպրոցական երեխաներից յուրաքանչյուրի համար 200 լարի փոխհատուցում կտրվի՝ ուսման ծախսերի թեթևացման համար։ Նախատեսված է աշխատանք կորցրած անձանց համար ևս որոշակի օգնության տրամադրում։ Առայժմ խոսվում է 300 լարի փոխհատուցում տրամադրելու մասին, այս ծրագիրը դեռևս հաստատված չէ, եթե հաստատվի, ապա սա նույնպես կգործի աշնան վերջին և ձմռան ամիսներին։ Պետությունը նաև աջակցություն է սահմանել աղքատ ընտանիքների ուսանողների համար, նրանց մեկ տարվա ուսման վարձը պետությունը կհոգա»։

Այվազյանն ասաց, որ բանն այն է, որ Վրաստանում ավելի մեծ տնտեսական կորուստներ են արձանագրվել, քան Հայաստանում։ «Այստեղ թե գործազրկությունն է ավելի մեծ մասշտաբների հասել, թե՝ տնտեսական ակնումը։ Բնակչության համար այս ամենը չափազանց կարևոր օգնություն կլինի, սակայն, միաժամանակ, չպետք է մոռանալ, որ աշնանը Վրաստանում տեղի կունենան ընտրություններ և շատերը սա հենց ընտրությունների հետ են կապում։ Իշխանություններն այդպիսով փորձում են իրենց համար քվեարկողների թիվը ավելացնել»,-ասաց նա։

ArmDaily.am