Հայ Առաքելական Եկեղեցին այս օրերին նախատեսված ծիսակատարությունները անցկացնելու է առանց հավատացյալների մասնակցության

Հայ Առաքելական Եկեղեցին այս օրերին նախատեսված ծիսակատարությունները անցկացնելու է առանց հավատացյալների մասնակցության։ Բոլոր ծիսական արարողություններից հետո հավատացյալները հնարավորություն կունենան հերթով ու համապատասխան հեռավորություն պահպանելու միջոցով մուտք գործել եկեղեցի աղոթելու ու մոմ վառելու նպատակով։

«Եկեղեցական արարողակարգի ժամերի մեջ հանգամանքներից ելնելով  որոշակի փոփոխություններ են մտցվել։ Շաբաթ օրը ճրագալույցի պատարագը տեղի կունենա սովորականից շուտ, որից հետո ժամը 16։00-ից մինչեւ 20։00 հավատացյալները հնարավորություն կունենան հերթով հեռավորություն պահելով եւ միաժամանակ 10-ից ոչ ավել քանակով մուտք գործել եկեղեցի, վառված մոմերը տուն տանելու ու աղոթելու համար։ Զատկական պատարագը տեղի կունենա առավոտյան մինչեւ 10։00-ն, որից հետո հավատացյալները նույն ձեւով հերթով հնարավորություն կունենան մուտք գործելու եկեղեցի։ Իսկ մեռելոցի օրը մարդիկ կարող են բարձրանալ գերեզմանատուն նույնպես պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները առանց հաց տանելու սովորության։ Մենք՝ հոգեւորականներս նույնպես այդ օրը դիմակներով կլինենք գերեզմանատանը եւ կանցկացնենք հոգեհանգստյան արարողություններ»,-Akhaltskha.net-ին պարզաբանեց Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ Սահակյանը։