«Եթե մենք դեմ չկանգնենք մի ցեղասպանությանը, մենք չենք կարող դիմագրավել ոչ մեկին». ԱՄՆ սենատորները կոչ են անում ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը Սենատում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո ազդեցիկ սենատորները հորդորում են նույն բանաձևն ընդունել նաև Սենատում, գրում է tert.am-ը հղում անելով  asbarez.com-ին:

Սենատի Ազգային փոքրամասնությունների ղեկավար Չաք Շումերը չորեքշաբթի կոչ է արել Սենատում քննարկել և ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

«Ես վաղուց եմ հավատում, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Թուրքերը չեն ցանկանում դա լսել, քանի որ ճշմարտությունը ծանր է լսել: Եթե մենք դեմ չկանգնենք մի ցեղասպանությանը, մենք չենք կարող դիմագրավել ոչ մեկին»,- ասել է Շումերը լրագրողներին:

Մասաչուսեթսից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը Twitter-յան իր էջում գրել է. «Միանում եմ Ամերիկայի և ողջ Սփյուռքի հայկական համայնքին և նրանց հետ տոնում եմ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը: Ես հովանավորել եմ 150-րդ բանաձևի ներկայացումը Սենատ: Սենատը պետք է ընդունի այն»:

Մերիլենդից սենատոր Քրիս Վան Հոլլենը նույնպես կոչ է արել ընդունել 150-րդ բանաձևը՝ ասելով. «Ներկայացուցիչների պալատի երեկ գիշերվա մեծ քվեարկությունը երկար սպասված էր: Ժամանակն է, որ Սենատը նույնն անի: Ընդունելով պատմական փաստերը՝ այն չկրկնելու կարևոր քայլ է հանդիսանում»:

150-րդ բանաձևը 20 հովանավոր ունի: Շումերից ու Վան Հոլլենից բացի՝ բանաձևի հովանավորների թվում են սենատորներ Թամմի Դաքուորթը, Դայան Ֆայնսթայնը, Քորի Գարդները, Էդվարդ Մարքին, Գարի Փիթերզը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։