ԱՅՆ, ԻՆՉ ԱՅՍՕՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ․ ԿԱՐԵԼԻ Է ԱՆՎԱՆԵԼ ԵՐԿՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐ

աստանում հունիսի 20-ին ծայր առած դրամատիկ դեպքերը՝ Վրաստանում ներքաղաքական իրավիճակի կտրուկ սրմամբ և ռուս-վրացական էսկալացիայի նոր մակարդակով ըստ որոշ գնահատականների՝ պատահական չէ և  արդեն իսկ վերածվում է ընդհանուր տարածաշրջանային խնդրի՝ որպես մի ընդհանուր շղթայի օղակ։ ԱՄՆ-Իրան, ռուս-վրացական  լարվածություններ և հայաստանա-ադրբեջանական սառեցված հակամարտություն։

Նշված խնդրի շուրջ զրուցել ենք Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ։

-Պարոն Այվազյան, որքանո՞վ է իրավիճակը Վրաստանում  պատրաստ դառնալ հեղափոխական ։

-Չեմ կարծում, որ իրավիճակը դառնա հեղափոխական։ «Միացյալ ազգային շարժումը» ձգտում է, որ նման սցենարով տանի այս ժողովրդական երիտասարդական շարժումը, սակայն պետք է խոստովանել, որ իրականությունն այն է, որ  նրանք չեն վերահսկում ու չեն ղեկավարում այս շարժումը։ Այն, ինչ այսօր կատարվում է Վրաստանում․ կարելի է անվանել երկրի ինքնիշխանության համար պայքար։ Վրաց հասարակության մեջ արմատացած բնույթ է կրում հակառուսաստանյան քաղաքականությունը։ Հենց հակառուսաստանյան ու ոչ թե հակառուսական։ Սրանք տարբեր բաներ են ու կարեւոր է, որ սա հստակ արձանագրենք։ Վրաստանի քաղաքացին դեմ է ներկայիս Ռուսաստանի ղեկավարության կողմից տարվող քաղաքականությանը ընդդեմ Վրաստանի ու Ուկրաինայի։  Վրաստանի տարածքների բռնագրավումը կապվում է հենց Ռուսաստանի քաղաքական էլիտայի որոշման հետ։  Եվ այս համատեքստում դիտելու դեպքում ամեն ինչ  պարզ ու հասկանալի է դառնում։ Մասնավորապես,  թե ինչու առաջացավ այս ժողովրդական ալիքը Վրաստանում։ Նրանց համար, ովքեր չգիտեն,  ասեմ, որ Վրաստանի հասարակությունը շատ ծանր տարավ ՌԴ պետդումայի կոմունիստ պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հայտնվելը Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռում, որտեղ նա Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հանդես եկավ ռուսերեն լեզվով բացման խոսքով։ Վրաստանի հասարակությունը դա ընդունեց որպես վիրավորանք՝հաշվի առնելով նաեւ այն, որ Սերգեյ Գավրիլովի բացահայտ աջակցում էր բռնագրավված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը  ՌԴ-ի կողմից։ Երիտասարդները անմիջապես այդ դեպքից հետո հավաքվեցին Թբիլիսիի Ռուսթավելի փողոցում եւ սկսեցին պահանջել խորհրդարանի նախագահի, եւ ՆԳՆ նախարարի հրաժարականը։ Սակայն իրավիճակը հունիսի 20-ի երեկոյան սրվեց, երբ մարդիկ փորձեցին բռնի կերպով մտնել խորհրդարան։ Հետո տեղի ունեցավ այն,  ինչ բոլորս գիտենք։ Իրավապահները ուժ կիրառեցին ժողովրդի նկատմամբ, որի արդյունքում վիրավորվեցին տասնյակ մարդիկ ու այդ թվում լրագրողներ եւ մոտ 300 հոգի բերման ենթարկվեց ոստիկանների կողմից։

Չնայած նրան, որ հաջորդ օրը խորհրդարանի նախագահը հրաժարական տվեց, ցուցարարները կրկին հավաքվեցին եւ շարունակեցին պահանջել ՆԳՆ նախարարի հրաժարականը եւ ձերբակալվածների ազատ արձակումը։ Պահանջների թվու էր նաեւ խորհրդարանական ընտրությունների համամասնական կարգով անցկացումը, որը այսօր եւս բավարարվեց։ Սակայն ժամանակ առ ժամանակ  հնչում է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ, որը, սակայն, հիմնական պահանջ չէ ի տարբերություն ՆԳՆ նախարարի հրաժարականի եւ ձերբակալվածների ազատ արձակման պահանջի։
Պետք է ասեմ, որ ինչպես նշեցի այս շարժումը չի կարելի կապել ընդդիմադիր «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության հետ եւ այն բոլորովին անկախ է ու որեւէ կապ չունի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ, չնայած նրան, որ այդ թիմը ամեն կերպ փորձում է իր ազդեցության տակ առնել տվյալ շարժումը, ինչը նրանց այս պահին չի հաջողվել։ Մեկ կարեւոր փաստ եւս պետք է նշեմ։ Չնայած այս ցույցերի պատճառ հանդիսացավ ՌԴ պատգամավորի հայտնվելը խորհրդարանի խոսնակի տեղում, բայց հանրությունն իրականում ունի ավելի խորքային խնդիրներ, որոնք կարծում եմ ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ավելի պարզ կարտահայտվեն։ Ժողովուրդը 2012 թվականին մերժեց Միխեիլ Սաակաշվիլու կուսակցությանը եւ դժվար թե պատրաստվի հետ բերել  նրան։ Միևնույն ժամանակ, շատ գոհ չէ ներկայիս կառավարության քաղաքականությունից։ Կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում մենք մեծ փոփոխությունների ականատեսը  կլինենք Վրաստանում, ինչպես իշխանության քաղաքականության մեջ, այնպես էլ ընդդիմադիր դաշտում։ Իմ պատկերացմամբ՝  այս գործընթացը տարբեր ձեւերով շարունակվելու է մինչև  խորհրդարանական ընտրություններ։

— Հնարավո՞ր համարում եք որ ռուսական կողմը վրացիներին պատժելու համար փակի Լարսը։

-Իրականում Ռուսաստանը այս սրացման ֆոնին կարող է ինչ-որ բարդություններ ստեղծել Վերին Լարս անցակետում եւ անվանել դրանք տեխնիկական խնդիրներ, սակայն երկարաժամկետ կտրվածքով չեմ կարծում, որ ՌԴ դիմի նման քայլի, հաշվի առնելով այն, որ դրանից չափազանց դժգոհ կլինի Հայաստանը։ Սակայն մյուս կողմից պետք է նշեմ, որ այսօրվա սրացումը հետ է գցում այլընտրանքային ճանապարհների շուրջ տարվող բանակցության հարցը։ Ամեն դեպքում պետք է խոստովանենք, որ կատարվածը կարող է բարդություններ առաջացներ այս հարցում եւս եւ ինչ-որ կերպ բացասական ազդել բեռնափոխադրումների վրա։

— Վրաստանի ռուս զբոսաշրջիկները, Ձեր կարծիքով՝ ուր կգնան՞ Թուրքիա, Հայաստան։

— Կարծում եմ ռուս զբոսաշրջիկները այնուամենայնիվ կգան Վրաստան։ Նրանք իրականում շատ են սիրում Վրաստանը եւ շատերը չեն հրաժարվի իրենց հանգիստը անցկացնել այստեղ։ Այսօր էլ բազմաթիվ ռուս զբոսաշրջիկներ կան Վրաստանում։ Ռուսաստանյան ծովի հանգիստը շատ ավելի անհասանելի է ռուսներին, քան Վրաստանը թեքուզ գների առումով։ Այստեղ բոլորը գիտեն, որ գները ավելի հարմարավետ են եւ ժողովուրդն էլ շատ բարեհամբուիյր  է տրամադրված ռուսների հանդեպ։ Երբեք շարքային զբոսաշրջիկը խնդիր չի ունեցել Վրաստանում։ Կարծում եմ այս պայմաններում, երբ Վրաստանի հետ ՌԴ-ն ուղիղ չվերթները դադարեցնում է շատ հավանական է, որ ռուս զբոսաշրջիկները գան նախ Հայաստան եւ հետո այցելեն Վրաստան։ Այս իմաստով ինչ-որ չափով կարող է շահել նաեւ Հայաստանի զբոսաշրջությունը։

Անուշ Դաշտենց

Հրապարակ