Հայաստանում հատուկ ընդդեմ ջավախահայերի ոչինչ տեղի չի ունենում, սակայն խնդիրը կա, և պետք է ՀՀ իշխանությունները տարբերակ գտնեն ընդառաջելու նրանց. փորձագետ

Tert.am-Հայաստանում հատուկ ընդդեմ ջավախահայերի ոչինչ տեղի չի ունենում, սակայն խնդիրը կա, և այն ժառանգություն է մնացել նախորդ իշխանության կողմից: 

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը՝ անդրադառնալով Ջավախքի երիտասարդների բողոքին, որոնք աշխատում են ՌԴ-ում և Նոր տարվա նախաշեմին չեն կարողանում վերադառնալ հայրենիք, քանի որ ըստ նրանց՝ սահմանից զորակոչելու կամ ազատազրկման սպառնալիք կա:  

«Մարդիկ կարծում են, որ հարցը պետք է կարգավորվի առանց մեծ աղմուկի, և ՀՀ նոր իշխանությունները պետք է տարբերակ գտնեն ընդառաջելու նրանց, ովքեր հայտնվել են անելանելի վիճակում, քանզի այդ խնդիրը մեզ բոլորիս ժառանգություն է հասել նախկին տարիներից: Կարծում եմ՝ համաներման տարբերակի նման մի մեխանիզմ պետք է կիրառվի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք անգիտակցաբար հայտնվել են այս իրավիճակում»,-ասաց նա:

-Պարո՛ն Այվազյան, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Ջավախքի 5000-ից ավելի երիտասարդներ, որոնք աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, Նոր տարվա նախաշեմին չեն կարողանում վերադառնալ հայրենիք, քանի որ ջավախահայերին սահմանից զորակոչելու կամ ազատազրկման սպառնալիք կա: Ըստ նրա՝ նույնիսկ 10 հոգու ձերբակալել են: Ջավախքի երիտասարդները  ՀՀ քաղաքացիություն են ստացել, որպեսզի կարողանան գնալ ՌԴ աշխատելու, և խնդիր է առաջացել նրանց համար, ովքեր զինծառայողի վկայական չունեն, բայց նրանց այդուհանդերձ տրվել է ՀՀ անձնագիր: 

Մինչդեռ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնապես հերքում է այդ տեղեկությունը՝ նշելով, որ արհեստական աղմուկ է,  ՀՀ-ն երկքաղաքացիության արգելք չի դնում, եթե խնդիր կա, ապա Վրաստանի իշխանությունների հետ է: Հենզել Մկոյանը պնդում է, որ Վրաստանի իշխանության հետ խնդիր չկա: Ի վերջո ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ են ջավախահայերը փակել ճանապարհը և ինչ պահանջ են ներկայացնում ՀՀ կառավարությանը:

— Նախ ուզում եմ ասել, որ Հայաստանի ԱԱԾ տնօրեն պարոն Վանեցյանը ճիշտ է այն առումով, որ հատուկ ընդդեմ ջավախահայության Հայաստանում ոչինչ տեղի չի ունենում, և խնդիրը կապված է փաստաթղթերի հետ: Ինչպես իր հարցազրույցում բացահայտում է պատգամավոր Հենզել Մկոյանը, հարցը կապված է ոչ այնքան ՀՀ քաղաքացու անձնագրի հետ, այլ զինծառայողի վկայականի, որը նրա խոսքով՝ տեղում առաջարկել են ստանալ քաղաքացիություն ձեռք բերող մարդկանց:

Հարցն այն է, որ այս խնդիրը ստեղծվել է տարիներ առաջ՝ դեռ նախորդ իշխանության օրոք, որը ի հայտ եկել է հիմա՝ Ամանորի նախաշեմին, երբ շատերը արտագնա աշխատանքից Հայաստանով վերադառնում են Ջավախք: Կրկին ուզում եմ ասել, որ Հայաստանում հատուկ ընդդեմ ջավախահայերի ոչինչ տեղի չի ունենում, սակայն խնդիրը կա, և այն ժառանգություն է մնացել նախորդ իշխանության կողմից: Ձերբակալվածների մասով պետք է ասեմ, որ ես ևս ունեմ նման տեղեկություն, որը ստացել եմ սահմանի վրա ցույցը կազմակերպողների կողմից:

-Կբացատրե՞ք, թե ինչ ընթացակարգերով են ստացել ջավախահայերը ՀՀ անձնագիր, ինչն է այստեղ օրենքի խախտման հիմք հանդիսացել:

-Այս հարցը, կարծում եմ, պետք է ուղղեք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը: Հայաստանում օրինական կերպով առանց որևէ խնդիր կարելի է ստանալ ՀՀ անձնագիր, ինչը ամրագրված է Սահմանադրությամբ: Այնպես որ, ինչպես արդեն նշվեց, հարցն անձնագրի օրինական լինելու մեջ չէ, այլ այն է, որ երիտասարդների մի մասը չի ծառայել Հայաստանի կամ Վրաստանի բանակում, և ՀՀ անձնագիր ստանալը նրանց համար անհրաժեշտ է եղել, որ կարողանան Ռուսաստանի Դաշնություն մեկնել արտագնա աշխատանքների և հետևաբար պահել իրենց ընտանիքները:

Այս ամենի հետ մեկտեղ ուզում եմ մեկ կարևոր փաստի մասին խոսել, քանզի այս օրերին շատ է շահարկվում ջավախցիների կողմից բանակում ծառայել-չծառայելու հարցը: Նախ` ասեմ, որ ջավախցի հայը հայ հասարակության մեկ մասն է, և այստեղ նույնպես կան տարբեր մարդիկ, ովքեր ծառայել կամ չեն ծառայել բանակում: Մարդկանց խնդիրները և մոտեցումները տարբերվում են միմյանցից: Օրինակի համար պետք է նշեմ, որ կան բազմաթիվ ջավախցիներ, որոնք եկել և սովորել են Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և այսօր հայոց բանակի սպաներ են, որոնք սահման են պահում: Դրանից բացի Ջավախքը բազմաթիվ հերոսներ է տվել Արցախյան ազատամարտում, որոնք կամավոր եկել և միացել են իրենց հայաստանցի ու արցախցի եղբայրներին պատերազմի ժամանակ: Այնպես որ, մարդիկ տարբեր են, ինչպես և նրանց մոտեցումներն ու խնդիրները:

-Այս պահին տեղյա՞կ եք՝ ի՞նչ որոշման են կողմերը հանգել, և որքանո՞վ են երկու երկրների կառավարությունները միջամտում այս հարցին: 

-Տեղյակ եմ, որ երկու օր առաջ ցույցի կազմակերպիչներից մի քանի հոգի եկել և հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որը իր հերթին խոստացել է զբաղվել խնդրով: Նաև կարող եմ ասել, որ այդ երիտասարդները, իմ տեղեկության համաձայն, սպասում են դրական արդյունքների և հարկ եղած պարագայում կրկին պատրաստ են գալ Հայաստան և շարունակել հանդիպել տարբեր պաշտոնյաների հետ խնդրի լուծման ուղիները գտնելու համար:

-Լուծման ի՞նչ տարբերակներ են առաջարկում ջավախահայերը:

Բավականին բարդ հարց է: Այս հարցի շուրջ զրուցել եմ բազմաթիվ մարդկանց հետ, այդ թվում՝ նաև ցույցի կազմակերպիչների: Մարդիկ կարծում են, որ հարցը պետք է կարգավորվի առանց մեծ աղմուկի, և ՀՀ նոր իշխանությունները պետք է տարբերակ գտնեն ընդառաջելու նրանց, ովքեր հայտնվել են անելանելի վիճակում, քանզի այդ խնդիրը մեզ բոլորիս ժառանգություն է հասել նախկին տարիներից: Կարծում եմ՝ համաներման տարբերակի նման մի մեխանիզմ պետք է կիրառվի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք անգիտակցաբար հայտնվել են այս իրավիճակում: Սակայն նույն ժամանակ պետք է ասեմ, որ բոլորը պետք է իմանան և ապագայում ավելի ուշադիր լինեն, որպեսզի չհայտնվեն նմանատիպ իրավիճակում:

Պետք է բոլորը լավ իմանան, որ Հայաստանը պատերազմական վիճակում շրջափակման մեջ գտնվող երկիր է, և այդ իսկ պատճառով ծառայություն անցնել պարտավոր են բոլոր մարդիկ, ովքեր ուզում են ստանալ ՀՀ քաղաքացիություն և նույն ժամանակ չեն ծառայել իրենց երկրի բանակում: Իհարկե, եթե դրա համար նրանք չունեն հարգելի պատճառներ:

-Ոմանք արդեն անցակետ փակող ջավախահայերի խմբի արարքը սադրանք են որակում, նման տարբերակ հնարավո՞ր է, եթե այո, ապա ո՞ւմ կողմից:

-Անկեղծ ասած՝ չեմ կարծում թե տեղի ունեցածը սադրանք էր: Ես կասեի՝ դա երիտասարդների կողմից քայլ էր խնդրին ուշադրություն հրավիրելու համար: Ինչքանով դա էֆեկտիվ ու լավ մտածված մեթոդ էր խնդիրների լուծման համար, թող յուրաքանչուր մարդ ինքը դատի: Սակայն կարծում եմ, ու դա իմ անձնական կարծիքն է, որ նման ցույց կազմակերպելուց առաջ ավելի ճիշտ կլիներ փորձել կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ կամ ՀՀ-ում գտնվող այլ մարմինների ու հետո նոր դիմել ցույցերի մեթոդին:

Սակայն կրկնում եմ, որ ինքս դրանում չեմ տեսնում ոչինչ, ինչը կարելի է սադրանք համարել: Յուրաքանչյուր ջավախցի մեծ կարևորություն է տալիս Բավրայի անցակետին, և դա շատերի համար կյանքի ճանապարհ է բառի բուն իմաստով, ու ոչ ոք թույլ չի տա, որպեսզի սադրանք տեղի ունենա հայ-վրացական սահմանի վրա: Ես կասեի հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետի անխափան աշխատանքի երաշխավորը եղել է ու կա ջավախահայությունը, ու քանի Սամցխե-Ջավախքի շրջանը հայաբնակ է, ոչ ոք ի զորու չէ փակել կամ սադրանք իրականացնել այնտեղ:

Նելլի Լազարյան