Թբիլիսիի տոնավաճառում բռնկված հրդեհը տեղայնացվել է

Առավոտյան Թբիլիսիի երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող շուկայում բռնկված խոշոր հրդեհը տեղայնացվել է, ներկայումս աշխատանքներ են տարվում այն լիովին մարելու համար, հայտնել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` հրկիզվել են հագուստի, մրգերի, բանջարեղենի և այլ ապրանքների պահեստները։ Կրակն ընդգրկել է մոտ 15 հազար քառակուսի մետր տարածք։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։ Այնուամենայնիվ, հիվանդներին տարհանում են մոտակա կլինիկայից և շտապօգնության մեքենաներով տեղափոխում մյուս բուժհաստատություններ:
Առևտրականներից մեկը լրագրողներին ասել է. «Հրդեհը միանգամից բռնկվեց, ամեն ինչ այրվել է, ոչինչ չի մնացել»։ Հրդեհի պատճառները ճշտվում են: