Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. Ռուսաստանում Ղազախստանի դեսպան

Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։ Այդ մասին ТАСС գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։
«Անշուշտ, Ղազախստանը միշտ պատրաստ է օգնել բոլոր գործընթացներին, որոնք վերաբերում են խաղաղությանը։ Դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին ու Ուկրաինային, այլև Հայաստանին ու Ադրբեջանին, Սիրիայի խնդրին, Իրանի խնդրին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ղազախստանը պատրա՞ստ է միջնորդ դառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում:
Աբաևը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բազմաթիվ նախաձեռնություններ կան։ «Իհարկե, Ռուսաստանի կարծիքը պետք է միշտ հաշվի առնել այդ գործընթացներում։ Իհարկե, մենք պատրաստ ենք ոչ թե միջնորդ լինել, այլ հարթակ տրամադրել, պայմաններ ստեղծել», – հավելել է նա։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին