Հայաստանի հետ խաղաղության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության կարող ենք հասնել մինչև COP-29-ը․ Ալիև

Իրատեսական է Հայաստանի հետ խաղաղության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնել մինչև COP-29-ը՝ հայտարարել է Իլհամ Ալիևը, հավելել՝ պետք է ակտիվացնել այդ ուղղությամբ ջանքերը։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ պետք է տարանջատել սահմանազատման հարցերը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններից։ Նա ընդգծել է, որ սահմանազատման հարցը շատ բարդ գործընթաց է և երկար ժամանակ կպահանջի։ Ալիևը հիշեցրել է՝ սահմանազատման գործընթացում կողմերն առաջնորդվում են Ալմա-Աթայի հռչակագրով և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ։
«Սահմանի հետ կապված զարգացումները ցույց են տալիս, որ մենք միջնորդների կարիք չունենք։ Եթե մեզ հանգիստ թողնեն, վաղ թե ուշ կգանք համաձայնության։ Խաղաղությունը մոտ է, առավել քան երբևէ։ Այսօր արդեն խաղաղության պայմանագրի նախագիծ ունենք, ընդհանուր ընկալում կա՝ ինչ տեսք այն պետք է ունենա։ Իհարկե, մանրամասները քննարկելու կարիք կա, ժամանակ է պետք»,- նշել է Ալիևը, շեշտել՝ կարևորն այն է, որ երկու կողմն էլ քաղաքական կամք ունի՝ ստորագրելու փաստաթուղթը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին