Որո՞նք են պատճառները Ախալքալաքի շրջանում տեղի ունեցող հաճախակի անասնագողության դեպքերի եւ ինչպե՞ս կարելի է լուծել տվյալ խնդիրը
Մայիսի 28-ի առավոտյան Ախալքալաքի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Կարծախի միջպետական ճանապարհը, որը տանում էր Թուրքիայի հետ սահման։ Մեր տեղեկությունների համաձայն՝ ճանապարհի փակման գործողությանը մասնակցում էին Թուրքիայի հետ սահմանակից Սուլդայի, Կարծախի, Դադեշի, Մյասնիկյանի ու Բոզալի գյուղի բնակիչները։
Խնդիրը նրանում էր, որ մայիսի 26-ից 27-ի գիշերը Սուլդայի վերին արոտավայրերից գողացել են 65 անասուն, եւայդ գործողության ընթացքում փակել են հովիվի բերանը եւ կապել նրա ձեռներն ու ոտները, որպեսզի նա չկարողանա խանգարել Թուրքիայից եկած գողերին։
Ջավախքի ժողովրդին արդեն երկար տարիներ հուզող այս խնդիրների շուրջ Akhaltskha.Net-ը զրուցեց Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի խոսքերով՝ երեկ մի քանի գյուղերի բնակիչներ կարճ ժամանակով փակել էին միջպետական ճանապարհը, որը բացվեց պատգամավոր Հենզել Մկոյանի հետ հանդիպումից հետո։
«Ժողովուրդը մեզ ներկայացրեց մի քանի խնդիր։ Առաջինը այն էր, որ ժողովուրդը պահանջում էր ամրապնդել սահմանապահների աշխատանքը եւ տեղադրել ժամանակակից տեսախցիկներ, որոնք նաեւ ազդանշաններ են ուղարկում սահմանապահներին։ Դրանք արդեն իսկ Կախեթիում սկսել են տեղադրել։ Մենք մեր հերթին խոստացանք, որ կանցկացնենք համապատասխան հանդիպումներ եւ կտեղեկանանք ,թե ե՞րբ ենք տվյալ տեսախցիկները տեղադրելու նաեւ Ախալքալաքի շրջանում։ Մենք նաեւ տեղեկություն ստացանք, որ սահմանապահները պայմանագրային զինծառայողներ են եւ այնտեղ կան թափուր աշխատատեղեր եւ գյուղացիները եւս կարող են համապատասխան ձեւով դիմել եւ համալրել սահմանապահների շարքերը։ Նախկինում մշատապես սահմանապահների շարքերում եղել են տեղացիներ, ովքեր ավելի լավ են կարողացել աշխատել համապատասխան վայրերում»,-ասում է Նաիրի Իրիցյանը։
Ախալքալաքի սակրեբուլոյի ընդդիմադիր պատգամավոր Սամվել Պետրոսյանի կարծիքով՝ չափազանց մտահոգիչ է այն փաստը, որ Ախալքալաքի շրջանում առաջին անգամ կողոպուտ է տեղի ունեցել։ Նախկինում եղել են բազմաթիվ անասնագողության դեպքեր, բայց կողոպուտ առաջին անգամ է տեղի ունեցել։ Սուլդա, Դադեշ գյուղերի սահմանի վրա արոտավայրերում ազգությամբ թուշ հովվին փակել են բերանը եւ կապելով ոտներն ու ձեռները գողացել անասուններին։ Պետք է նշեմ, որ այստեղ ոստիկանության մեղքը չէ, եւ ոստիկանությունը գյուղացիների գնահատանքով լավ է աշխատում ու նույնիսկ մի քանի օր առաջ կանխել են գյուղի մեջ նոր անասնագողության դեպք։ Իմ կարծիքով՝ բացի նրանից, որ մենք պահանջում ենք սահմանը ամրապնդել, պետք է նաեւ ընդունենք խորհրդային ժամանակի փորձը, երբ սերտ համագործակցություն ու կապ կար գյուղացու ու սահմանապահի միջեւ, ինչը չափազանց մեծ օգուտ էր տալիս սահմանը պահելու գործին։ Այդ ամենի հետ մեկտեղ պետք է ներգրավել նաեւ տեղացիներին սահմանը պահելու գործի մեջ։ Երկրորդը՝ ես առաջարկում եմ, որ Վրաստանի իշխանությունները հասկացնել տան իրենց ռազմավարական դաշնակից Թուրքիային, որ իրենք անընդունելի են համարում, որ ապորինաբար հատվում է Վրաստանի պետական սահմանը եւ կողոպուտի միջոցով տեղի է ունենում անասնագողության դեպք։ Իմ ասածը բողոքի նոտայի նման մի բան է, որը ճիշտ հասկանալ կտա Թուրքիային կատարվածը», -ասում է Սամվել Պետրոսյանը։
Նա նաեւ ավելացրեց, որ ըստ իր տեղեկությունների՝ երկու օր առաջ գողացված անասունների մի մասը հայտնաբերվել են Թուրքիայում եւ շուտով այդ անասուններին վերադարձնելու են իրենց տերերին։
Նախկին քաղբանտարկյալ, Ջավախքի հասարակական գործիչ Վահագն Չախալյանի կարծիքով՝ այս պահին չափից դուրս զգույշ է պետք լինել եւ մատների արանքով չպետք է նայել այս խնդիրներին։ «Սահմանների ուժեղացման խնդիր կա։ Նաեւ վրացական իշխանությունները թուրքական իշխանությունների հետ պետք է պայմանավորվեն, որպեսզի վերահսկողությունը նույնպես ամրապնդվի թուրքական կողմից, եթե Թուրքիայի իշխանությունները, իհարկե հատուկ չեն կազմակերպում դա։ Եթե միտումնավոր է այս ամենը, դա արդեն ուրիշ խնդիր է։ Այս ժամանակահատվածում կապված նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացների հետ վտանգ կա, որ ինչ-ինչ ուժեր, կլինեն դրանք ադրբեջնանական, թուրքական թե Socar-ական փորձեն Ջավախքում սրելով իրավիճակը անասնագողությամբ թե այլ մեթոդներով Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին ներքաշեն անցանկալի զարգացումների շրջափուլ։ Ու գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետն է պատրաստվում գալ Վրաստան եւ այս ընթացքում վերոնշյալ սրացումները շատ կասկածելի են»,-ասում է Վահագն Չախալյանը։
«Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանի կարծիքով՝ նման դեպքերը տեղի են ունենում այն պատճառով, որ անվտանգության մարմինները զբաղվում են Ջավախքում այլ գործունեությամբ։ «Այն ծախսերը, որոնք իրանանացնում են անվտանգության մարմինները մեր ինքնությամբ ու լեզվով զբաղվելու համար, դրա փոխարեն նրանք պետք է զբաղվեն իրենց իսկական գործերով։ Ես ի նկատի ունեմ հակահետախուզական ծառայության աշխատանքը։ Դա ի՞նչ բան է, արդեն քանի անգամ տեղի է ունենում նման անասնագողություն ու նրանչ ի՞նչ է չեն կարող հետեւություն անել»,-ասում է Դավիթ Ռստակյանը։ Նրա խոսքերով՝ վերահսկելու ենթակա տարածքն էլ այդքան մեծ չէ եւ ուղղակի թող գնան ու զբաղվեն իրենց գործով ու վերահսկեն սահմանը։
«Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանի խոսքերով՝ ոստիկանությունը պետք է լավ աշխատի, որպեսզի բացառի նման դեպքերը։ «Քանի, որ ոստիկանության աշխատակիցներից շատերը տեղացիներ չեն ու տեղանքին ծանոթ չեն, մենտալիտետին ծանոթ չեն, գալիս են տվյալ գյուղեր դրսից ու չգիտեն ինչ է կատարվում։ Սուլդայում անմիջապես ոստիկանության կետ կա ու պետք է նրանք սահմանապահների հետ միասին լավ աշխատեն։ Ինչ վերաբերվում է վերջին դեպքին, ապա ասեմ, որ անվտանգության մարմինները պետք է լավ աշխատեն այդ հարցում եւ ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ ու ընտրությունների կեղծմամբ»,-ասում է Նորիկ Կարապետյանը։