Զելենսկին կրկնել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ կարող են տեղի ունենալ Իսրայելում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռ կարծում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են անցկացվել Երուսաղեմում՝ հայտնում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ բանակցությունների կազմակերպման գործում։ «Մենք երախտապարտ ենք այդ ջանքերի համար, որպեսզի վաղ թե ուշ սկսենք խոսել Ռուսաստանի հետ: Հավանաբար, Երուսաղեմը խաղաղություն գտնելու ճիշտ վայրն է»,- երկուշաբթի ասել է նա տեսաուղերձում:
Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը դիմել է Իսրայելի վարչապետին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում միջնորդ դառնալու խնդրանքով։ Ավելի ուշ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բենեթը հեռախոսազրույցում Ռուսաստանի առաջնորդին միջնորդություն է առաջարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։