Թուրք լրագրողն անդրադարձել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը

Թուրք լրագրողն անդրադարձել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը


Թուրք լրագրող Բարչըն Յինանչը, Հայաստանում պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումներում ստացած տեղեկատվությունը վերլուծելիս, խոսել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին։

Region Monitor-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ իր ընկալմամբ՝ Հայաստանում մտահոգություն է առկա, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով կարող է փորձել վերցնել այսպես կոչված «միջանցքը»։ Նա այդ մտահոգությամբ է բացատրել Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը։

«Հայաստանն այդ իսկ պատճառով Ֆրանսիայի, Հնդկաստանի նման երկրներից զենք է ձեռք բերում, իսկ Ադրբեջանն ասում է՝ չեղարկի՛ր այդ զենքի գնման պայմանագրերը, ինչու՞ ես զենք գնում, եթե զենք ես գնում, նշանակում է դու խաղաղություն չես ցանկանում, այս տարածաշրջանի համար սպառնալիք ես ներկայացնում: Շատ լավ, բայց Ադրբեջանն էլ Իսրայելից է թե՛ հետախուզական տվյալներ, թե՛ զենք ստանում։ Որևէ մեկն Ադրբեջանին չի ասում՝ ինչու ես Իսրայելից, ինչու ես Թուրքիայից զենք գնում։ Իսրայելի նման մի երկրի պաշտպանական արդյունաբերությանն է աջակցում, որը 50 հազար պաղեստինցու կյանք է խլել։ Ամենայն հավանականությամբ, դա իրականացրած ռազմական ինքնաթիռների վառելանյութերն է այնտեղ ուղարկվում։ Դե, Թուրքիայում էլ հազիվ մի փոքր խումբ կարողացավ բողոք բարձրացնել Իսրայելին Ադրբեջանի աջակցության համար։ Նրանք էլ, գիտեք, ոստիկանական ուժով ձերբակալվեցին»,- նշել է լրագրողը։

Նրա խոսքով՝ Հայաստանը հայտարարում է, որ ընդունում է 1991 թ․ ստորագրված Ալմա- Աթայի հռչակագիրը։ Հայաստանի դիրքորոշումն Ադրբեջանի դեմ «ռազմավարական համբերության» մարտավարություն է։ Երբ Ադրբեջանն ամեն անգամ նոր բան է առաջ քաշում, երբ ասում է, օրինակ զենքի պայմանագրերը չեղարկիր, Երևանը նոր առաջարկ է անում, օրինակ սպառազինման վերահսկողության մեխանիզմ և այլն։

«Իհարկե չգիտեմ, դա որքան կարող է այդպես շարունակվել»,- ասել է նա։