Առայժմ մենք Թրամփի նամակը հրապարակելու հիմքեր չունենք. Բաղաեի

Առայժմ մենք Թրամփի նամակը հրապարակելու հիմքեր չունենք. Բաղաեի


Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին «այն համակողմանի ուսումնասիրելուց հետո»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղարկած նամակի հիմնական կետերը շատ չեն տարբերվում Սպիտակ տան ղեկավարի հրապարակային հռետորաբանությունից։ «Առայժմ մենք Թրամփի նամակը հրապարակելու հիմքեր չունենք»,- ասել է խոսնակը։

Անցյալ շաբաթ ԱՄԷ-ի նախագահի դիվանագիտության հարցերով խորհրդական Անվար Գարգաշը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։ Նշվում է, որ նամակում եղել է Թեհրանի հետ միջուկային բանակցություններ վարելու առաջարկ, որն Իրանի Գերագույն առաջնորդը, ամենայն հավանականությամբ, մերժել է՝ ասելով, որ դա «խաբեություն» է Վաշինգտոնի կողմից:

Ավելի վաղ Թրամփը բազմիցս սպառնացել է Իրանին ռազմական ուժ կիրառել, եթե Թեհրանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ գործարք չկնքի։ Ամերիկացի ղեկավարը հրամանագիր է ստորագրել առավելագույն ճնշման քաղաքականությանը վերադառնալու մասին՝ հայտարարելով, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ։ Խամենեին ընդգծել է, որ Թեհրանը ճնշման տակ չի բանակցի։