ԱՄՆ-ը հայտարարել է գեներալ Կիրիլովի սպանության հետ առնչություն չունենալու մասին
Վաշինգտոնը հայտարարել է, որ առնչություն չունի ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի սպանության հետ:
«Ես որևէ գնահատական չունեմ այդ պայթյունի վերաբերյալ։ Միայն կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները նախապես տեղյակ չի եղել այդ մասին և չի մասնակցել դրան»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Կիրիլովը «ներքաշված է եղել մի շարք վայրագությունների մեջ»։ «Նա մասնակցել է ուկրաինացի զինվորականների դեմ քիմիական զենքի կիրառմանը, նրա հրամանատարության տակ գտնվող ռուս զինվորականները մարտի դաշտում քիմիական ռազմական նյութեր են կիրառել՝ խախտելով միջազգային իրավունքը»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Գեներալ-լեյտենանտ Կիրիլովն իր օգնականի հետ սպանվել է դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում գտնվող իր տան մոտ՝ պայթյունի հետևանքով։ Նա 2017 թվականից զբաղեցնում էր Ռուսաստանի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի պաշտոնը: