Ռիչարդ Գրենելը՝ Թրամփի ներկայացուցիչը թեժ կետերում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Գրենելին հատուկ հանձնարարությունների գծով իր բանագնացը նշանակելու մասին:
Թրամփը չի հստակեցրել, թե ինչ է անելու Գրենելը, սակայն իր Truth Social հարթակում գրել է, որ բանագնացը «կաշխատի աշխարհի ամենաթեժ կետերում, այդ թվում՝ Վենեսուելայում և Հյուսիսային Կորեայում»:
Թրամփի հավատարիմ կողմնակից Գրենելը նախկինում համարվում էր պետքարտուղարի հավանական թեկնածու, սակայն այդ պաշտոնը ստանձնել է ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոն: Նա նաև համարվում էր Ուկրաինայում խաղաղության հաստատման հարցով բանագնացի թեկնածու, որն ի վերջո բաժին հասավ պաշտոնաթող գեներալ Քիթ Քելլոգին։
Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում Գրենելը եղել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար, նաև աշխատել է որպես նախագահի բանագնաց Սերբիայի և Կոսովոյի միջև բանակցություններում:
2018-2020 թվականներին Գրենելը զբաղեցրել է Գերմանիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: